Ադրբեջանամետ քաղաքականությո՞ւն. Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

Aliq.ge-Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքվում արած հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Թբիլիսիում։ Տարածաշրջանային այցը սկսելով Ադրբեջանից, ոմանք նկատում են, որ Զուրաբիշվիլին կարող է արդյունքի հասնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրկին ակտիվացնելու հարցում, ոմանք, սակայն թերահավատ են։

Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը, վստահ է, որ նախագահի ակտիվությունը կարող է հաջողությամբ պսակվել։

«Ես կարծում եմ, որ հարցը կլուծվի, եթե իշխանությունները ևս համարժեք մոտեցում ցուցաբերեն։ Գործընթացը սկսվել է 1996-ին, սակայն վերջը չի երևում։ Հատկապես դժվար լուծում է սպասվում Դավիթ Գարեջիի համալիրի (հուշարձանի նկատմամբ հավակնություններ ունի նաև Ադրբեջանը, խմբ.) հարցում», — ասում է նա։

«Սալոմե Զուրաբիշվիլին չունի որևէ վերահսկող գործիք, համապատասխան լիազորություն, հետևաբար նա կարող է սահմանափակվել միայն հայտարարություններով և ոչ գործով», —  «Ալիք մեդիայի» հետ զրույցում Զուրաբիշվիլիի հայտարարությունները այս կերպ է մեկնաբանում քաղաքագետ, Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի (GIPA) դասախոս Թոռնիկե Շարաշանիձեն։

Նրա խոսքով, դժվար է դելիմիտացիայի հարցով առաջընթաց արձանագրել նաև այն պատճառով, երբ վրաց-ադրբեջանական հարաբերությունները ծանր ժամանակաշրջան են ապրում։

«Բանն այն է, որ մենք Ադրբեջանի հետ այլևս չունենք այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ունեինք մի քանի տարի առաջ: Հիշենք վերջին սկանդալը՝ Ախալքալաքիում արձանի բացման հետ կապված, «Սոկարի» հետ էլ գազի հարցով բանակցությունները դժվար են ընթանում: Այս ամենի ֆոնին կարծում եմ, որ նախագահը կդժվարանա որևէ համաձայնության հասնել»:

Վրաստանում ուշադրության է արժանացել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին Զուրաբիշվիլիի հայտարարությունը։

Բլոգեր, քաղաքագետ Գելա Վասաձեն փորձում է հիշել, թե արդյոք նախկինում որևէ պաշտոնյա իր հայտարարություններում նշել է «Ղարաբաղի օկուպացիայի մասին»:

«Հնարավոր է և ասել են: Զուրաբիշվիլին, սակայն, հեշտությամբ արեց դա․ կապված է նաև իր կարգավիճակի հետ, քանի որ զրկված է իրական իշխանությունից: Դրանից պետք չէ հեռու գնացող եզրակացություններ անել, չնայած Զուրաբիշվիլին առանձնահատուկ հարաբերություններ ունի ֆրանսիացիների հետ, իսկ Ֆրանսիան, թերևս, Եվրոպայում Ադրբեջանի համար ամենախնդրահարույց երկիրն է: Այսինքն, Զուրաբիշվիլին Բաքվին դուր գալու համար ամեն ինչ արեց, թե ինչքանով դա նրան հաջողվեց, ժամանակը ցույց կտա», — «Ալիքի» հետ զրույցում ասում է Վասաձեն:

Շարշանիձեն անդրադառնալով հիշյալ հայտարարությանը, նշում է․ «Դե այդ կնոջն անհնար է վերահսկել․ որևէ մեկին, նույնիսկ Իվանիշվիլիին դա չի հաջողվում անել», — ասում է քաղաքագետը։

Նա ընդգծում է նաև՝ «Հայաստանում էլ գիտեն, թե ինչպիսին է այս կինը»:

«Այնպես որ, չեմ կարծում այս հայտարարությունը ինչ-որ լարվածություն առաջացնի»:

Վերլուծաբան, «Ախալցխա.Net» կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը վերոնշյալ հայտարարության վերաբերյալ մեզ հետ զրույցում ասում է.

«Նախկինում, որքան տեղյակ եմ Վրաստանի իշխանություններն ավելի զուսպ են եղել իրենց արտահայտություններում։ Նոր նախագահի հիշյալ հայտարարությունը կարելի է կապել այն բանի հետ, որ Սալոմե Զուրաբիշվիլին իր նախընտրական ծրագրի շրջանակներում Ջավախքում հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահը միայն ադրբեջանցիներն էր տալիս քաղաքացիություն, ինչը սխալ էր համարել՝ խոստանալով  ուղղել այն: Ադրբեջանական համայնքն իր դժգոհություն էր հայտնել՝ Զուրաբիշվիլիին  նույնիսկ սկսել հակաադրբեջանական գործիչ համարել։ Դրանից բացի վերջերս տեղի ունեցած ադրբեջանական աղմուկը Մ.Ավագյանի կիսանդրու վերաբացման շուրջ ևս կարծես առիթ հանդիսացավ նման կոշտ ձևակերպման»:

Այվազյանը չի բացառում, որ սա Զուրաբիշվիլիի ոճում հերթական հայտարարությունների շարքից է, սակայն, ըստ նրա, ամեն դեպքում պետք է պարզաբանում պահանջվի։

 

Ալիք Մեդիա

ՀԵՂԻՆԱԿ` ԱՆՆԱ ԹԱՆԴԱՐՅԱՆ