«Ենթադրում եմ, որ պատմական այս վայրը փլուզվել է Չարենցի հայ լինելու պատճառով, համամի՞տ եք». Փայլանը հարցումներ է հղել թուրք նախարարին՝ Չարենցի ենթադրյալ տան քանդման հետ կապված

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին գրավոր հարցում է ուղղել՝ կապված Կարսում հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի ենթադրյալ տան ավերման հետ:

Ինչպես տեղեկանում ենք պատգամավորի պաշտոնական ֆեյսբուքյան էջից, Փայլանը գրավոր հարցման մեջ շեշտել է, որ Չարենցի տունը քանդվել է բանաստեղծի ազգային պատկանելիության պատճառով:

«Ենթադրում եմ, որ պատմական այս վայրը փլուզվել է Չարենցի հայ լինելու պատճառով: Համամի՞տ եք», — հետաքրքրվել է հայազգի պատգամավորը նախարարից:

Փայլանը նաև խնդրել է պատասխանել, թե Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն ինչ հստակ քայլեր է ձեռնարկում հայ արվեստագետների ու մտավորականների հետ կապված պատմական օբյեկտներն ըստ արժանվույն արժևորելու և դրանք որպես մշակութային ժառանգություն պահպանության տակ առնելու համար:

«Չարենցի տունը կարող է կարևոր պատմական վայր դառնալ հայկական մշակույթի ու Կարս քաղաքի համար: Տան նորոգման ու որպես թանգարան օգտագործման ուղղությամբ որևէ նախագիծ կա՞ կազմված նախարարության կողմից», — հարցրել է պատգամավորը՝ միևնույն ժամանակ հետաքրքրվելով, թե արդյոք Թուրքիայում մտածել են այն մասին, թե հասարակ շենքի փլուզումն ինչ հուսախաբության ու վիրավորանքի պատճառ կարող է դառնալ Չարենցի հիշատակը հարգող մարդկանց շրջանում:

Հիշեցնենք, որ օրերս մամուլում տարածվել էին լուրեր, ըստ որոնց այժմյան Թուրքիայի Կարս քաղաքում անհայտ անձանց կողմից քանդվել է այն տունը, որտեղ ենթադրաբար ապրել է Եղիշե Չարենցը:

Աղբյուր՝ tert.am