Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպեցին Սամցխե-Ջավախքի մի խումբ հեռուստադիտողների

Մարտի 7-ին Ախալցխայի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններից Ախալցխա ժամանած մի շարք հեռուստադիտողների հետ:

Հանդիպման գլխավոր նպատակը մարդկանց կարծիքները իմանալն էր հանրային հեռուստաընկերության ու ռադիոյի աշխատանքների վերաբերյալ, որոնց հիման վրա հանրային հեռուստաընկերությունը մտադիր է անցկացնել փոփոխություններ հեռարձակման ծրագրում:

Հանդիպման ընթացքում պարզվեց, որ նախ հանրային հեռուստաընկերությունը կապի խնդիր ունի, ինչի պատճառով անհասանելի է բազմաթիվ գյուղերում եւ երբեմն նաեւ քաղաքներում:

Ներկաների հիմնական նկատողությունները հանրայինի ծրագրերի վերաբերյալ վերաբերվում էին լրատվության օպերատիվության եւ անկողմնակալության բացակայությանը: Դրանից բացի շատերի կարծիքով հանրայինը ավելի շատ պետք է ուշադրություն դարձնի հին ժողովրդական ֆիլմերի ցուցադրությանը, Վրաստանի պատմության էջերի լուսաբանմանը, ինչպես նաեւ իր եթերում ցուցադրի ավելի շատ սպորտային ծրագրեր քան այս պահին է ցուցադրում: