Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

News.am-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր՝ մարտի 13-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը այս պահին Ծիծաեռնակաբերդի հուշահամալիրում  հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Վրաստանի նախագահին ուղեկցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նշենք, որ նա Հայաստան է ժամանել այսօր առավոտյան: Վրացական պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, այնուհետեւ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: