Զուրաբիշվիլին սկսել է գիտակցել Արցախյան հակամարտության եւ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի նույնացման վտանգը

Մարտի 13-ից 14-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստանում էր գտնվում Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սալոմե Զուրաբիշվիլին այցի ընթացքում մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել Հայաստանի տարբեր պաշտոնյաների հետ: Մարտի 13-ին Վրաստանի նախագահին ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաշվի առնելով այն փաստը, որ ըստ Վրաստանի սահմանադրության՝ երկրի նախագահն չունի լուրջ լիազորություններ, հանդիպման արդյունքները ամփոփելիս կարելի է փաստել, որ այցը հիմնականում գեղեցիկ քաղաքական հայտարարությունների համար էր: Եվ հին հայ-վրացական ավանդույթի համաձայն այս հանդիպումներում եւս հնչել են գեղեցիկ կենացաճառեր:

Սակայն այս հանդիպումներում դա չէր կարեւորը: Շատերի սպասելիքը այն էր, թե արդյոք հայկական կողմը բարձրացնելու է Զուրաբիշվիլու Բաքվում արած հայտարարության մասին: Ոչ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ոչ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զուրաբիշվիլու հետ հանդիպումների ժամանակ չանդրադարձան տվյալ սկանդալային հայտարարությանը, որտեղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում ընդհանուր համատեքստում օգտագործել էր օկուպացիա բառը: Եւ ահա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Զուրաբիշվիլու հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց տվյալ հայտարարության անթույլատրելիության հարցը, նշելով, որ այն հայ հասարակության մոտ մտահոգություններ է առաջացրել:

ՀՀ Ազգային Ժողովի մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձեւակերպումներն այսուհետ եւս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը: Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաեւ Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձեւակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:

Ինչպես տեղեկանում ենք արդեն Վրաստանի նախագահի մամլո ծառայությունից Սալոմե Զուրաբիշվիլին (ի պատասխան) ասել է հետեւյալը.  «Դուք նաև նշեցիք մեր համագործակցությունը կոնֆլիկտների հարցում և դա շատ կարևոր է:

Այս կոնֆլիկտները հավանաբար մեր տարածաշրջանի համար այն են, ինչը ամենա շատն է խափանում մեր համատեղ առաջընթացը:

Ինչպես գիտեք, Վրաստանում կա օկուպացված երկու տարածք և եթե զրուցում ենք երկու երկրների շահի մասին, մեզ համար գլխավոր և միակ շահն է, որ մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը լինեն ճանաչված, ճանաչված ոչ միայն բառացի, այլ փաստացի:

Այդ առումով շատ ցավալի է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակությունները ժամանում են Աբխազիա և «Հարավային Օսեթիա» և բարձրացնում հարց, իբր սրանք միանման կոնֆլիկտներ են, որոնում են համաչափություն, դա ինձ համար շատ ցավալի է:

Մենք համարում ենք, որ այստեղ չկա այն բարյացակամությունը, որը պետք է լինի մեր երկրի նկատմամբ»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Արարատ Միրզոյանը իր հերթին նշել է, որ Հայաստանը միջազգային հարթակներում կողմ չի քվեարկում այնպիսի նախաձեռնություններին, որոնք դեմ են Վրաստանի շահերին:

Այսպիսով կարելի է փաստել, որ խնդիրը ունի երկու կողմ եւ Զուրաբիշվիլին ոչ թե մեղմեց իր Բաքվում արված հայտարարությունը, այլ փորձեց բացատրություն գտնել իր կողմից արված հայտարարության: Սակայն օբյեկտիվության համար պետք է նշել, որ տվյալ հայտարարությունը պայմանավորված չէր միայն ԼՂՀ-ի պատվիրակության այցով Աբխազիա եւ Հարավային Օսեթիա, այլ նաեւ նրանով, որ վերջերս բավական լարվածություն էր առաջացել վրաց-ադրբեջանական հարաբերություններում կապված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու տեղադրման շուրջ:

Եթե ուշադիր լինենք տվյալ հարցի շուրջ եւս ակնարկել է Վրաստանի նախագահը Երեւան այցի ընթացքում ասելով, որ ինքը դեմ է Արցախյան հակամարտության տեղափոխմանը Վրաստանի տարածք, ինչը չափազանց վտանգավոր է Վրաստանի կայունության համար:

Վրաստանի նախագահի Երեւանում արված հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա հրաշալի գիտակցում է, որ Ադրբեջանը իր համայնքի հետ միասին փորձում է ամեն կերպ Արցախյան հակամարտությունը տեղափոխել Վրաստանի տարածք: Նա նաեւ հստակ նշում է, որ անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղից պատվիրակության այցը Աբխազիա և Հարավային Օսեթիա եւ տվյալ հակամարտությունների հետ զուգահեռների անցկացումը:

Այս առումով պետք է փաստենք, որ Զուրաբիշվիլու այն հայտարարությունը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղից պատվիրակության այցը Աբխազիա և Հարավային Օսեթիա սխալ քայլ է եղել հայկական կողմի համար դա համապատասխանում է իրականության: Առավել եւս սխալ է տվյալ հակամարտությունների նույնացումը: Աբխազիան և Հարավային Օսեթիան միջազգային հանրությունը համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ, իսկ Արցախը ոչ միայն գրավյալ տարածքի կարգավիճակ չունի, այլեւ միջազգային հանրության ընկալման համար լրիվ այլ հակամարտություն է, որտեղ գերակա սկզբունքներից մեկը հենց ազգերի ինքնորոշումն է: Այս իմաստով Արցախի նույնացումը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ նույնիսկ վտանգավոր է Արցախի հետագա կարգավիճակի համար:

Չնայած այս ամենի եւ Զուրաբիշվիլու Երեւանում տված պարզաբանման պետք է այնուամենայնիվ նշել, որ Բաքվում Վրաստանի նախագահի կողմից արված հայտարարությունը կոպիտ սխալ էր նաեւ Վրաստանի համար, քանզի դրանով Վրաստանը եւս նույնացրեց Արցախի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հակամարտությունները, ինչը Արցախի միջազգային ճանաչման պարագայում այլ երկրներին կարող է հուշել Վրաստանի համար ոչ բարենպաստ դիրքերից նայել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հակամարտություններին: Հուսանք, որ այս փոքրիկ սկանդալից հետո երկու կողմերը հաշվի կառնեն միմյանց շահերը, որոնց հիմքում եթե խորանանք ընկած են նաեւ Հայաստանի ու Վրաստանի ազգային շահերը:

 

Էդուարդ Այվազյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն