1881 Թ. ՄԱՅԻՍԻՆ ԻՆԹԻԶԱՐ ՔՐԻՍՏՈՍՏՈՒՐՅԱՆԻ 126 ՏԱՐԵԿԱՆ ՄԱՀԸ

Օրերումս այստեղ մեռաւ մի կին Ինթիզար Քրիստոստուրեան 126 տարեկան հասակում: Մահը եղաւ բոլորովին բնական կերպով, առանց որևէ տկարութեան: Մինչև մեռնելը տիկին Քրիստոստուրեանի բանականութիւնը առողջ էր, նորա ոչ մէկ զգայարանքները չէին վնասված մինչև այսօր: Հանգուցեալը իր կեանքում միայն մի անգամ տկարացել է Էրզրումից գաղթած ժամանակը 1831 թուականում Ղարսի ճանապարհին: Տիկին Ինթիզարի միջակ որդին, որ 8 տարի առաջ մեռաւ մեր աչքի առաջ, 86 տարեկան էր:

Ամսոյս 17-ին քաղաքիս ս. Փրկիչ մայր եկեղեցում առաւօտեան ժամերգութեան ժամանակ քահանայից մէջ մի սկանդալ պատահեցաւ, որը մի փոքրիկ նմանութիւն ունէր Իտալիայի քաղաքներից մէկում եկեղեցու մէջ պատահած սկանդալին. երկու ծեր քահանաներ՝ Գէրգ քահանայ Տէր-Գրիգորեան և Օհան քահանայ Արօյեան մէկ մէկու հետ կռիւ սարքեցին, որի ժամանակ առաջացան միմեանց ձեռք ճանկել և միրուքներ բռնել: Աբրօյեանց քահանայի որդին, քահանայացու տիրացու Վասակը իրան հօր օգնութիւն տալ կամենալով, միւս դասից վազ է տալիս հակառակ կողմը և ձեռքերով ու բարձր ձայնով սպառնում է մի այլ քահանայի (Կարապետ քահանայ Տէր-Գրիգորեանց) ասելով՝ «ժամից դուրս գանք, տե՛ս, ես քու հախիցդ կուգամ թէ չէ»:

Երկու քահանաները նոյն եկեղեցու միաբանութիւնից պատրաստել են տալիս մի փառաւոր ոսկեթել հիւսված թագ «ի վայելս սրբազան Մանկունի եպիսկոպոսին»: Ընծան ուղարկվելու է ի շնորհակալութիւն այն խաչերի համար որոնք այդ քահանաները ստացան ի շնօրհս Մանկունու: Բացի թագի ծախսից մեր խաչակիր քահանաները մի այլ համեստ ծախս էլ ունեցան. խաչերը միջնորդող սրբազան Սագինեանցին 50ր. շնորհակալութիւն անելով: Անշուշտ հոգևոր իշխանութեանը լաւ յայտնի կը լինի այն հաւատարիմ գործունէութիւնը, (և միմիայն հոգևոր իշխանութեանը) որով այդ քահանաները խաչերով վարձատրվեցան, բայց հոգևոր իշխանութեանը յայտնի է արդեօք, որ այդ խաչակիրներից մէկը, երիտասարդ Աբրահամ քահանայ Ղազազեանցը, իր խաչի շղթան ճիշտ այն ձևով է շինել տուած, ինչպէս օրինակ մի անգլիացի ջենտըլմէն իրան ժամացոյցի շղթան: Շննորհաւորում եմ, և ծառայ եմ կարգիդ Հայաստանեայց եկեղեցու ծիսապահ հայր Ղազազեանց:

Սրբազան Սագինեանցը Մեսրոպ քահանայ Կանցեանցին քահանայագործութիւնից դադարեցրեց նորա համար, որ սա չը կամեցաւ զատկի օրերը իրան ծուխերը թողած ժամանակաւորապէս տեղափոխվել ս. Վարդանանց եկեղեցին, որի միաբաններից Սիսակեան Տէր Գէորգը, Սագինեանցի պրօտէժէն, 100ր. վաստակելու համար Քութայիս էր գնացել:

Գրիգոր արքեպիսկոպոս Սագինեանցը ինքն իրան կառավարիչ նշանակելով ս. Փրկիչ եկեղեցու գիւղօրէից ի կողմանէ քաղաքիս հայ հասարակութեան, օրերումս մեկնեցաւ Ախալքալաք, հետը տանելով մեծապատիւ Վարդան աղա Վարդանեանցին, որը միշտ տոկոսով փողեր է տալիս Տէր Խորէնին, երբ Կարապետեան ուսումնարանին փող հարկաւորի: Քաղաքումս լուր է տարածվել, թէ Ախալքալաքի մէջ այժմ կալ կալսելու լաւ ժամանակն է…. Օրերումս տէր Թադէոս անունով մի քահանայ (մեր բարեկարգիչ տէր Թադէոսը չէ, այլ Տիլիֆ գիւղացի) քրէական ծանր գործի համար դատարանի վճռով բանտ ձգուեցաւ 3 ամիս ժամանակով:

 

«Մշակ», 1881թ., № 95, 28 մայիսի:

Արմեն Ասատրյան

պատմաբան