1893 Թ. ԳԱՐՆԱՆ ՍԿԻԶԲԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Մարտի 14-ից կրկնուող անտանելի ցրտերին, յաջորդեց տաք գարնանային անուշ օրեր: Առևտուրն այստեղ 4-5 ամիս է, ինչ գտնւում է աննախանձելի վիճակի մէջ: Մեզանում կենսական մթերքները կրկնապատիկ գնով է ծախւում: Ժողովուրդը նիւթական կողմից մեծ նեղութեան մէջ է: Իսկ խեղճ գիւղացիների համար այս տարին չարատանջ է:

Մեր եկեղեցիներում.  այս մեծ պասին, ամեն կիրակի, մեր արժանաւոր քահանաները քարոզում են հերթով: Ցանկալի է, որ միմիայն մեծ պասին քարոզելով չբաւականացնէին ժողովրդին, այլ միւս կիրակիները ևս հերթով քարոզէին, մանաւանդ մի այսպիսի տագնապալի ժամանակամիջոցում: Մեծ պասին տուած քարոզներից գլխաւորապէս, ուշադրութեան արժանի էին, արժանաւոր Մ. ք. Գ. և Ա. ք. Ղ. տուած քարոզները, որ ժողովուրդը մեծ համակրանքով էր լսում:

Ախալցխան, 4-5 ամիս է, ինչ զրկուած է յաջորդից, մանաւանդ այսպիսի ժամանակում: Եկեղեցում ժամասացութեան ժամանակ դասում միշտ զրոյցների ձայն է լսւում. դա լաւ բան չէ:

Քաղաքիս անմաքրութեանը, չափ ու սահման չկայ. մանաւանդ խուլ անկիւններում:

Քաղաքիս միջից անցնող, «Մարտաչայ» կոչուած գետակի վրայի մի քանի կամուրջները, գտնւում է խարխուլ դրութեան մէջ, իսկ Փոցխով գետի վրայի կամուրջը ևս պահում են շատ անխնամ, երբ անձրևում է, այդտեղ անտանելի ցեխ է լինում, այնպէս որ մարդ շուարում է կամուրջի մի ծայրից միւս ծայրը անցնելուն: Ի՞նչ է շինում մեր քաղաքային վարչութիւնը:

«Նոր Դար», 1893թ., № 54, 3 ապրիլի:

Արմեն Ասատրյան

պատմաբան