Դեսպան Սադոյանի հանդիպումը Գուրիայի նահանգապետ Զուրաբ Նասարաիայի հետ

Մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Գուրիայի տարածաշրջան և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում աշխատանքային այցի շրջանակներում Օզուրգեթի քաղաքում հանդիպում ունեցավ Գուրիայի նահանգապետ Զուրաբ Նասարաիայի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկեցին հայ-վրացական համագործակցության համատեքստում Գուրիայի տարածաշրջանի հետ Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես կարևորվեց Գուրիայի և Հայաստանի տարբեր մարզերի ու քաղաքների միջև տարածաշրջանային և քաղաքային մակարդակով ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունների օգտագործումը։

Դեսպան Սադոյանն իր խոսքում նշեց, որ Գուրիայի ծովափնյա հանգստավայրերում, մասնավորապես՝ Ուռեկիում, ամեն տարի տասնյակ հազարավոր հայ զբոսաշրջիկներ են իրենց հանգիստն անցկացնում։ Այս համատեքստում դեսպանը խնդրեց, որպեսզի հայ զբոսաշրջիկները մշտապես գտնվեն նահանգային իշխանությունների ուշադրության կենտրոնում։

Նահանգապետն իր հերթին խոսեց Գուրիայի արդյունաբերական և գյուղատնտեսական ներուժի, ինչպես նաև հայկական կողմի հետ համագործակության հնարավոր ուղղությունների մասին։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամլո հաղորդագրությունից։