1914 Թ. ՄԱՐՏԻ 28, ԱԽԱԼՑԽԱ. ՄՈՒԹԱՖԵԱՆՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ախալցխայի հայ հասարակութեան շրջանում, սկսած այն օրից՝ երբ մեր նախնիքը գաղթելով Էրզրումից եկած և հաստատված են այստեղ, այն է 85 տարվայ ժամանակամիջոցում, շատ քիչ եղած են այնպիսի անձնաւորութիւններ, որոնք գոնէ տեղական նշանակութիւն ունեցող իրանց բարեգործութեամբ բարերարի հռչակ վաստակած լինեն: Իբրև այդպիսին առաջին տեղը բռնում է հանգուցեալ Կարապետ արքեպ. Բագրատունին, որը առաջնորդ հանդիսանալով 1829թ. Կարնոյ գաղթականութեան՝ մեծ ջանք թափած է շինել տալով քաղաքի կենտրոնում ս. Փրկիչ անունով եկեղեցին և ընդարձակ հողաբաժին, յատկացնելով նրան, որի վրա կառուցվել են մի շարք կրպակներ: Բացի այդ, Կարապետ եպ. իր միջոցներով գնած է Ախալքալաքի գաւառի այն ժամանակ Թիւրքիա գաղթող բէգերից ընդարձակ հողեր, որոնց վրա կան այժմ Կարզախ, Տատէշ, Խաւէթ գիւղերը և ընդարձակ արոտատեղիներ, որ իր կենդանութեան օրօք հաստատել է ս. Փրկիչ եկեղեցու վրա իբրև սեփականութիւն և այդպիսով հաստատուն եկամուտով օժտել այդ եկեղեցին: Շնորհիւ այդ կալուածների՝ ապահով և քիչ թէ շատ բարգաւաճ դրութեամբ պահվուն են տեղիս ծխական երկու դպրոցները:

Կարապետ եպիսկոպոսից յետոյ յիշելու է նրա ժամանակակից Գէորգ վարդապետը, որի ջանքերով նոյն եկեղեցու սեփականութիւն է դառել Սուլդա գիւղը:

Իբրև բարեգործ յիշելի է նաև հանգուցեալ մահտեսի Վարդան աղան, որ իր միջոցներով Մարդայ թաղի բարձրունքում շինել տուած է ս. Նշան եկեղեցին և նրա կողքին մի ընդարձակ շինութիւն՝ ուսումնարանի համար, ուր բաւական երկար տարիներ սովորել են քաղաքի արհեստաւոր դասակարգին պատկանող երեխաներ: Դժբաղդաբար հանգուցեալը իր կենդանութեան ժամանակ պէտք եղած հեռատեսութիւն չէ ունեցել ապահովելու որոշ եկամուտներով իր կառուցած եկեղեցին և ուսումնարանը, այնպէս որ այժմ իր ժառանգների օրով ուսումնարանի յատկացրած շինութիւնը փոխվել է կազարմայի, կապված մնալով իր յիշատակը միմիայն եկեղեցու հետ:

Վերոյիշեալների թւին այժմ աւելանում է Մութաֆեանների անունը, որոնք իրանց նուիրաբերութեամբ գալիս են աչքի ընկնող տեղ գրաւելու նրանց շարքում:

Մութաֆեանների ներկայ ժառանգ Յովհաննէս Մութաֆեանը իր վրա է վերցրել շինել մեր Եղիսաբէթեան օրիորդաց դպրոցի համար մի հոյակապ շէնք, ժամանակակից բոլոր պահանջներին բաւարարութիւն տուող, և այդպիսով նա նախ հանդիսանում է իր պապի և հօր թողած կտակի իրագործողը, որի գումարը, ինչպէս յայտնի է, 14,000ր. է, և յետոյ ինքն էլ ներկայանում է իբրև նոր նուիրատու, քանի որ ծրագրված շէնքը հազիւ թէ 30,000ր. պակաս ծախս պահանջէ:

Վերոյիշեալ դպրոցի շինութեան առիթով մարտի 23-ին արդէն տեղի ունեցաւ ծխական ժողով և ընտրվեցին 7 հոգի իբրև շինարարական յանձնաժողովի անդամներ:

Բացի ընտրված 7 անդամներից՝ յանձնաժողովի մէջ մի անդամ աւելանալու է Մութաֆեանի կողմից ընտրված, որը, ինչպէս լսում ենք, բժ. Այվազեանն է լինելու, և նոյն յանձնախմբում իր ներկայացուցիչն էլ ունենալու է թեմի առաջնորդը, յանձին դպրոցի ճարտարապետ Մադաթեանի: Թէև ծխական ժողովում առաջարկ եղաւ, որ հոգաբարձութեանն էլ իրաւունք տրվի իր ներկայացուցիչն ունենալու, բայց դժբաղդաբար այդ նպատակայարմար առաջարկը առանց հիմնաւոր պատճառաբանութեան մերժվեց: Զարմանալին այն է՝ որ մերժման կողմնակից եղան ինտելիգենտ և դպրոցի հետ մօտիկ յարաբերութիւն ունեցող անձինք:

 

<Մշակ>, 1914թ., № 73, 6 ապրիլի:

Արմեն Ասատրյան

պատմաբան