Ախալցխահայությունը բողոքում է բռնցքամարտի մարզասրահի հնարավոր փակման դեմ (ֆոտո վիդեո)

Այսօր՝ ապրիլի 1-ին Ախալցխայի թիվ 3 Հովհաննես Թումանյանի անվան հանրային դպրոցում գտնվող բռնցքամարտի մարզասրահ այցելեցին դատարանի հարկադիր կատարող խմբի անդամները, որոնք մարզիչ Գեւորգ Շուշանյանից պահանջեցին դուրս հանել սպորտային գույքը եւ մարզասրահը հանձնել դպրոցի տնօրենին։

Տեղեկանալով դեպքի մասին մարզասրահի մոտ արագ հավաքվել սկսեցին մարդիկ, ովքեր իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունը հայտնեցին մարզասրահի փակման շուրջ։

Լսելով մարդկանց եւ մարզիչ Գեւորգ Շուշանյանին նրանք որոշում կայացրին մեկ ամիս ժամանակ տալ մարզչին սպորտային գույքը դուրս բերելու համար։

«Մեկ ամիս ժամանակ տվեցին ասելով, որ կամ սպորտային գույքը դուրս եք բերելու կամ փորձելու եք նոր պայմանագիր կնքել դպրոցի տնօրենի հետ։ Բնականաբար տնօրենը չի ցանկանում պայմանագիր կնքել մեզ հետ ու ցանկանում է, որ դահլիճը փակվի»,-ասում է մարզիչ Գեւորգ Շուշանյանը։

Բռնցքամարտի դահլիճի փակման դեմ են արտահայտվում նաեւ տվյալ մարզասրահի նախկին սաները, որոնք համարում են, որ Գեւորգ Շուշանյանը մեծ ներդրում է ունեցել երիտասարդների մեջ դեպի սպորտը սերը արթնացնելու համար։

«Մեր մարզասրահը այս դպրոցում գոյություն ունի 90-ական թվականներից եւ այն միշտ ծառայել է մեր երիտասարդության մեջ դեպի սպորտը սեր արթնացնելու գործին։ Շնորհիվ այս մարզասրահի ու մարզչի մենք ունեցել ենք բավականին լավ արդյունքներ եւ տվել ենք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։ Մի քանի մարդու ցանկությունն է, որ մարզասրահը փակվի, բայց ժողովրդի մեծամասնությունը դեմ է մարզասրահի փակմանը»,-ասում է մարզասրահի նախկին սաներից մեկը։