Ժողովրդական թատրոնի պրեմիերան նվիրվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

2019 թվականի ապրիլի 3-ին, Բաթումիի երաժշտական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի Բաթումի Ալ. Մանթաշյանց կենտրոնի ժողովրդական թատրոնի  «Քեֆ անողի քեֆը չի պակասի» ներկայացման պրեմիերան: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: 1Այստեղ էին գտնվում ոչ միայն բաթումահայեր, այլև  Չաքվիից  և  Օզուրգեթիից ժամանած հայեր:

Ներկայացման պատվավոր հյուրերն էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Բաթումիում  ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը,Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը,  Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ  Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

2Հայոց լեզվի ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանի ղեկավարությամբ  և կամավոր անձանց մասնակցությամբ  կենտրոնը Հովհաննես Թումանյանի  150-ամյա հոբելյանին նվիրեց  Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակասի» հեքիաթի բեմադրությունը: Ներկայացմանը ներգրավված էին տարբեր մասնագիտությունների 13  սիրողական դերասաններ, ընդորում 5 երաժիշտ, 2 մարզիկ, արհեստավորներ, հասարակության տարբեր  բնագավառի  անդամներ: Նրանք մեծ նվիրումով, բարձր  խանդավառությամբ, հարուստ երևակայությամբ ընդգրկվեցին  բեմադրության իրականացմանը և դերասանական գեղեցիկ ու գրագետ խաղով  օժանդակեցին  բեմադրությունը  թատերական բեմից ներկայացնելու պատվին:

Տպավորությունը սպասածին գերազանցեց: Մեծ Լոռեցու  միշտ արդիական 3ստեղծագործության բեմադրությունն ուղեկցվում էր ներկաների բուռն  ծափահարություններով, մեծ ոգևորության  և  բավականության ջերմ արտահայտությամբ:

Հավարտ ներկայացման գնահատանքի խոսքով հանդես եկան Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ  Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Բանախոսները  շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, Մանթաշյանց կենտրոնին, բաթումահայ համայնքին, կարևորեցին թատրոնի դերն ու նշանակությունը հասարակության ձևավորման գործում, բաթումահայերի միասնությունը:

4Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Վազգեն Սրբազանը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը Աջարիայի հայությանը, գնահատեց նրանց նվիրումը Հայոց  Սուրբ Եկեղեցուն:

Վազգեն սրբազանը անդրադարձ կատարեց Բաթումիի  Ալ. Մանթաշյանց կենտրոնի գործունեությանը, որն իր նախակրթարանով, կիրակնօրյա դպրոցով, ստեղծագործական խմբակներով հիրավի դարձել է տեղի հայության ազգային կենտրոնը:Արժևորեց ժողովրդական թատրոնի ստեղծումը,  ինչը անշուշտ նոր խթան է եկեղեցու շուրջ բաթումահայության համախմբման ուղղությամբ:

Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը և գնահատանքն ուղղեց կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանին և հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քհն.Գումբալյանին՝ճիշտ կազմակերպած գործունեության և նվիրական ծառայության համար: Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխեց  կենտրոնի  ուսուցիչներին և  նորաստեղծ ժողովրդական թատրոնի կազմին և գնահատանքի ու շնորհավորանքի  խոսքեր ուղղեց  Սաթենիկ Դանիելյանին՝ մեծ աշխատանք կատարելու և 5բաթումահայերին գեղեցիկ միջոցառումներ նվիրելու համար: Սրբազան հայրը Սաթենիկ Դանիելյանին փոխանցեց  Թեմի Պատվոգիրը:

Տասնամյակներ  առաջ Բաթումիում գործել է  Հայկական պետական դրամատիկական թատրոն, որը   գեղարվեսկան  բարձրարժեք ներկայացումներով  Աջարիայի հայությանը  մոտ է պահել հայ թատրոնին ու նրա ավանդույթներին: Թատրոնի նկատմամբ  սերն էր, որ ընդամենը մեկուկես տարի առաջ ուսուցչուհի  Դանիելյանի մտահղացմամբ և  հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի նախաձեռնությամբ ստեղծվեց ժողովրդական այս թատրոնը,  որը մեծ սեր և հետաքրքրություն է վայելում  բաթումահայ համայնքի շրջանում:

Աղբյուր՝ armenianchurch.ge