Ախալքալաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պաշտոնական ներկայացմը

Ապրիլի 5-ինՍամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում հանդիսավորապես տեղի ունեցավ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի բարիգալստյան հանդիսությունը: Հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել առաջնորդական փոխանորդության հոգևոր դասը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալցիխեի շրջանային ժողովի պատգամավոր Համբարձում Բաբոյանը, Ախալցիխեի շրջանային վարչության սպորտի և երիտասարդության հարցերի վարչության ղեկավար Ռուբեն Կարապետյանը, Ախալքալաքի, Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ասպինձայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, հասարակական գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, փոխանորդության պաշտոնեությունն ու կրթամշակութային կենտրոնների տնօրենները: Իր ներկայությամբ ընդունելությունը պատվել էր նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյան Թբիլիսիում գտնվելու պատճառով չէին ներկայացել, բայց իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքերն էին փոխանցել նորանշանակ առաջնորդին: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հյուրերին ներկայացրեց նորանշանակ փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին, ով պատվավոր պաշտոնը ստանձնում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, նաև հավաքվածներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու սերը և նշեց, որ ջավախահայությունը մշտապես Վեհափառ Հայրապետի խնամքի և ուշադրության կենտրոնում են: Այնուհետև հավաքվածներին ներկայացրեց Հայր Սուրբի անցած հոգևոր գործունեությունն ու կրթական ուղղին և նրան բնորոշեց որպես գործունյա, պատասխանատու և ծառայասեր հոգևորականի, մաղթեց հաջողություններ առաջնորդական փոխանորդի պատվավոր առաքելության մեջ: Սրբազան Հայրը իր գնահատանքը հղեց երկարամյա փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին, ով իր ծառայությունը փոխառաջնորդությունում իրականացրեց դժվար ժամանակահատվածում: Սրբազան Հայրը նաև իր օրհնությունը փոխանցեց ղեկավարությանը, հոգևոր դասին և մտավորականներին, հասարակական գործիչներին, ովքեր աջակցել են փոխանորդության կայացմանը և աշխատանքների իրականացմանը: Այնուհետև Հոգեշնորհ Հայր Մաղաքիան իր որդիական երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին՝ սույն ծառայությունը վստահելու համար: Ինչպես նաև շնորհակալություն հայտնեց թեմակալ առաջնորդին և հոգևոր դասին ջերմ ընդունելության համար: Նա նաև ողջունեց ներկաներին և համոզվածություն հայտնեց, որ միասնական ուժով կկարողանան իրականություն դարձնել ջավախահայության հոգևոր կյանքի վերազարթոնքի երազանքն ու տեսիլքները: Ապա խոսքով հանդես եկան ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ու Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը: Նրանք շնորհավորեցին Հոգեշնորհ Հայր Սուրբին և համոզմունք հայտնեցին, որ Ջավախքում հոգևոր առումով իսկապես կլինի վերազարթոնք:
Հանդիպումը տեղի ունեցավ ջերմ և սիրո մթնոլորտում, որը ցույց է տալիս եկեղեցու, ժողովրդի, ղեկավարության և հասարակության միասնությունը, որը ձևավորվել է թեմակալ առաջնորդի, հոգևոր դասի և պաշտոնեության միասնական աշխատանքի շնորհիվ:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան