Վիրահայոց թեմի առաջնորդը ու Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը այցելեցին վանդալիզմի ենթարկված Ճգնավորի վանք

Ապրիլի 5-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ուխտավորաբար այցելեցին 12-րդ դարի Ճգնավորի վանք, որը ապրիլի 3-ին ենթարկվել էր վանդալիզմի: Հոգևոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում: Սրբավայրում Գերաշնորհ Սրբազան Հայրն ու Հոգեշնորհ Հայր Սուրբը աղոթեցին և շարականներ երգեցին և մեծ ցավ ապրեցին տեսնելով վանդալիզմի հետքերը:

Հոգևոր հայրերը դատապարտում են կատարվածը և համոզմունք հայտնում, որ սա ամենայն հավանականությամբ ոչ հավասարակշիռ մարդկանց կողմից է կատարվել, քանի որ մատուռում չի եղել որևէ արժեքավոր իր, որը կարող է հետաքրքրություն առաջացնել: Կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը: Հարևանությամբ ապրող մարդկանց կողմից մաքրվել են վանդալիզմի հետքերը և կրկին շարունակում են այցելել և մոմ վառել սրբավայրում: Ճգնավորի վանքը հայտնի է նրանով, որ Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի օրը՝ հունվարի 6-ին, Ախալքալաքի հավատացյալ երիտասարդները գնում են վանք, նրա տակից բխող աղբյուրի մոտ գոյացած ավազանում լողանում են: Ըստ ավանդության շատերը նաև առողջանում են:


Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան