Ախալցխայի Սբ. Գրիգոր լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո-վիդեո)

Գործն է արդար, լավ իմացեք, որ հիշվում է դարեդար… Հանճարեղ Թումանյանից լավ ոչ ոք չի կարողացել բանաձևել գործի կարևորությունը… Գործն ու գործի հանդեպ սերը 19-րդ դարում մեր սիրելի Ախալցխան դարձրին Կովկասի խոշորագույն տնտեսական, հոգևոր, կրթամշակութային կենտրոններից մեկը: Տասնամյակներ շարունակ մարդաշատ էին խանութներն ու արհեստանոցները, դպրոցներն ու մշակույթի կենտրոնները, այգիներն ու աղոթատները: Գործը կարևորող ախալցխացին աշխատում էր, վայելում, կարդում ու ծանոթանում աշխարհի նորություններին, կրթության տալիս երեխաներին ու աղոթում Աստծուն, շնորհակալություն հայտնում արդար գործի ու արդյունքի համար: Հզոր էին քաղաքիս ուսուցիչներն ու հոգևորականները, հզոր էին առևտրականներն ու արհեստավորները: Այնքան հզոր, որ քաղաքի համբավը դուրս էր եկել Կովկասի սահմաններից:

Սրբազանը, մեծավորը, նույն ինքը` Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին, քաղաքում եկեղեցիներ ու դպրոցներ հիմնելով, ոչ թե տարիների, այլ տասնամյակների համար էր լուծում կրթության ու մշակույթի խնդիրները: Ախալցխայի Կարապետյան դպրոցը մրցակիցն էր Թիֆլիսի Ներսիսյանի, իսկ կարապետյանից դուրս եկածները` քարոզիչն ու փառաբանողը հայ մտքի, հայ գործի: Այսօր ևս մեր սիրելի քաղաքն ունի մտքի ու գործի կարիք: Հենց մտքի ու գործի կարևորմամբ է, որ Ախալցխայի հոգևոր տեսչությունը, Վիրահայոց թեմի առաջնորդի ու Ամենայն հայոց կաթողիկոսի իմացությամբ ու օրհնությամբ ձեռնամուխ է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան կառուցման, եկեղեցու և տարածքի բարեկարգման, ինչպես նաև «Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին:

Ձեռնամուխ է եղել, քաջ գիտակցելով, որ ժամանակակից աշխարհում, մեր օրերում, առավել քան նախկինում, կարևոր են միտքն ու գործը, մտքի ու գործի միասնությունը և հաջողում են միայն այն հանրույթները, որ հասնում են այս միասնությանն ու ներդաշնակությանը: Ձեռնամուխ է եղել, համոզված լինելով որ Աստծո տունը, Սուրբ եկեղեցին մտքի ու գործի, մտքի ու կրթության տուն է այնպես, ինչպես եղել է հարյուրամյակներ շարունակ: Սիրելի հայրենակից. Մենք կարող էինք դիմել քաղաքի մեծահարուստներին, վերջիններից օգնություն խնդրելով: Համոզված ենք, որ նրանցից և ոչ մեկը չէր մերժի եկեղեցու ու մշակույթի կողքին կանգնելու մեր խնդրանքը: Սակայն մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով, դիմելով բոլորի ու յուրաքանչյուրի օգնությանը: Քանզի Աստված երբեք և երբեք չի կարևորել ներդրման չափը:

Չի կարևորել հավատի չափը: Հավատը չի չափվում նվիրաբերված դրամի մեծությամբ: Ցանկությունն ու անկեղծ նվիրումը մեկը դարձնում են հազարին հավասար, որովետև հավասար է հավատի ուժը: Այս պատկերացմամբ ու նպատակադրմամբ է, որ դիմում ենք բոլորին, խնդրելով դառնալ մասնակիցը Աստվածահաճո այս նախաձեռնության, որի հաջողությունը մեզանից յուրաքանչյուրի ու բոլորի հաջողությունը պետք է դառնա, որի հաջողությունը պետք է դառնա Ախալցխայի ու ախալցխացու, տեսակի շարունակականության հիմքը: Այն շարունակականության, որ տասնամյակներ շարունակ ապացուցել է մեծն Թումանյանի խոսքի իրավացիությունը: Գործն է արդար, լավ իմացեք:

Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Բարեգործական Հիմնադրամ Հաշվեհամար՝ GE62TB7187036080100007