Ախալցխայում նշեցին Անկախության վերականգնման եւ ապրիլի 9-ի զոհերի հիշատակի օրը

Վրաստանը ապրիլի 9-ը նշում է, որպես անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման ընթացքում զոհված մարդկանց հիշատակի օր: Ախալցխայում ամեն տարի նշում են ապրիլի 9-ը: Մարդիկ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հավաքվում են քաղաքի կենտրոնական այգում տեղադրված ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարի մոտ, որտեղ եւ մշտապես կազմակերպվում են հիշատակի արարողությունները:

Այս տարվա հիշատակի միջոցառումը ավելի մարդաշատ էր նախորդ տարիների համեմատ։ Իրենց վրաց եղբայրների հետ միասին միջոցառմանը մասնակցում էին նաեւ Վրաստանի ախալցխայաբնակ հայ քաղաքացիները։

Հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին եւ մոմեր վառեցին ապրիլի 9-ի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ։ Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, խորհրդարանի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, սակրեբուլոյի նախագահը պատգամավորների հետ միասին։

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի խոսքերով այս օրը Վրաստանի համար ինչպես տխուր հիշատակի օր է այնպես էլ անկախության վերականգնման օր։ Նրա խոսքերով Վրաստանը պետք է ապագայում այնքան հզորանա, որպեսզի կարողանա օս եւ աբխազ եղբայրների հետ միասին վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։

Վրաստանի խորհրդարանի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն խոսելով ապրիլի 9-ի զոհերի հիշատակի մասին նշեց, որ Վրաստանի  հարկավոր է միասնականություն։ Նա նաեւ իր խորին շնորհակալությունը հայտնեց ախալցխահայերին այս միջոցառմանը մասնակցելու համար։ Իր շնորհակալության խոսքը հայերին հայտնեց նաեւ Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն։

Опубліковано News from Javakhk-Akhaltskha.Net Вівторок, 9 квітня 2019 р.