Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Ծաղկազարդը

Այս տարի ապրիլի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը: Ծաղկազարդը մեծ պահքի վերջին կիրակին է, այն հիշատակություն է Հիսուս Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելուն:

Այս տոնը մեծ շուքով նշվեց նաև Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Հոգշ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս տոնը հայտարարվել է երեխաների օրհնության օր։
Հոգեշնորհ Տեր Հայրը պատարագի ավարտին կատարեց երեխաների օրհնության կարգ և հավատացյալ ժողովրդին շնորհավորեց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։