Դամալայում հանդիսավոր կերպով բացվեց «Արմաթ»-ի ինժեներական լաբորատորիա

Ապրիլի 20-ին Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Լաբորատորիան բացվեց «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի հովանավորությամբ։ Արմաթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր ինչպես Հայաստանից այնպես էլ Ջավախքի տարբեր շրջաններից։ Պատվավոր հյուրերի շարքում էին երկու երկրներից հրավիրված մի խումբ պատգամավորներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանը։

Ջավախքի ընդհանուր փոխանորդ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը հոգեւորականների հետ միասին օրհնության կարգ կատարեց նորաբաց կենտրոնում, որից հետո հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու անմիջապես «Արմաթ» ինժեներական լաբորատորիային եւ երիտասարդների ձեռքերով սարքված տարբեր սարքավորումներին։

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի խոսքերով իրենք տարբեր ձեւերով պատրաստ են օգնել Վրաստանին, որպեսզի ցանկության դեպքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձը ներառվի նաեւ Վրաստանի դպրոցներում։ Նրա խոսքերով ՋԱՀ-ը ծրագրում է մինչեւ 2020 թվականը 20 արմաթ լաբորատորիա ունենալ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։

Դամալայի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան թվով երրորդ կենտրոնն էր Ջավախքում։ Հաջորդ ինժեներական  լաբորատորիան ծրագրվում է բացել Ախալցխայում։