1889 Թ. ԱՊՐԻԼ. ԱԽԱԼՑԽԱ. ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Տեղացի պ. Գ. Քուփալեանը իւր հանգուցեալ մօր յիշատակին նուիրեց տեղիս հայ երկսեռ դպրոցների սաների և սանուհիների օգտին յիսուն րուբլի: Յարգելի պարոնը այդ փողը յանձնեց դպրոցների տեսուչ՝ պ. Աբիսողոմ Յովհաննիսեանին, թողնելով նորա կարգադրութեանը և տրամադրութեանը՝ այդ փողը գործադրելու չքաւոր աշակերտների և աշակերտուհիների համար: Յարգելի պարոնի ցանկութեան համեմատ՝ այդ փողով պիտի կարել տրուին չքաւոր աշակերտների և աշակերտուհիների համար շորեր, նոյնպէս և հոգացուին ուսումնական պիտոյքները:
Շաբաթ, 22 ապրիլի, տեղիս քաղաքային կլուբի դահլիճում կայացաւ անցեալները կազմուած թատերասիրաց խմբի առաջին ներկայացումը: Խաղացին <Թուղթ խաղացողի կեանքը>: Խաղը ընդհանրապէս յաջողուեցաւ: Լաւ էին մանաւանդ իրանց դերերում օր. Աղաջանեանը (Ամալիայի դերում), պ. պ. Ճգնաւորեան և Տէր-Գրիգորեան, առաջինը <Ժօրժ>-ի, վերջինը՝ <Ժերմանի>-ի դերում: Դահլիճը համարեա ամբողջապէս լիքն էր ժողովրդով: Հանդիսականները գոհ սրտով թողեցին թատրոնի դահլիճը: Թատրոնական տոմսակների վաճառումից ընդհանուր մուտք եղել է 116ր., ծախս՝ 42ր., ծախսը ընդհանուր մուտքից դուրս գալով, մնում է զուտ արդիւնք 75ր.:
Թատերասիրած խումբը որոշել է մի ներկայացում էլ տալու մայիսի մէջ. այս անգամ խաղացուելու է պատմական մի պիեսա: Մտադրութիւն կայ ներկայացնելու <Արշակ երկրորդ>: Թէ այս և թէ յետագայ ներկայացումից գոյանալիք արդիւնքի մի քառորդը յատկացնուելու է դպրոցներին, իսկ մնացածը Բարեգործական Ընկերութեան տեղիս բաժնին:

«Արձագանք» , 1889, № 16, 30 ապրիլի:
Արմեն Ասատրյան
պատմաբան