Գեւորգ Շուշանյանը հանձնում է բռնցքամարտի մարզասրահը դպրոցի տնօրինությանը

Ախալցխայի բռնցքամարտի մարզասրահի մարզիչ Գևորգ Շուշանյանը պատրաստվում է վաղը հանձնել մարզասրահի տարածքը քաղաքի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրինությանը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին Թբիլիսիից ժամանակ դատարանի հարկադիր կատարողականի ներկայացուցիչները պայմանավորվել էին դպրոցի տնօրենի և Գևորգ Շուշանյանի հետ, որ մարզասրահը մինչև մայիսի մեկը պետք է հանձնվի դպրոցին։

Այս առիթով Akhaltskha.Net-ը կապ հաստատեց Գեւորգ Շուշանյանի հետ եւ տեղեկացավ մարզասրահի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին։

«Ինչպես եւ պայմանավորվել էինք ես վաղը պետք է հանձնեմ մարզասրահը դպրոցի տնօրինությանը եւ այդ իսկ պատճառով պատրաստվում եմ գույքը ժամանակավոր դուրս բերել մարզասրահից մինչեւ նոր մրցույթ հայտարարվի դպրոցին պատկանող այս տարածքի համար։ Սակայն իմ աշակերտների խնդրանքով եթե նոր մարզիչ նշանակվի եւ մարզասրահը չփակվի ես պատրաստ եմ հանուն իմ աշակերտների տալ նոր մարզչի ենթակայության տակ ինձ պատկանող սպորտային գույքը։ Բնականաբար այդ քայլին գնում եմ, որպեսզի երեխաները չզրկվեն մարզվելու հնարավորությունից չէ, որ օգոստոսին Վրաստանում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը 2005-2006թ․ ծնված մարզիկների համար ու այդ իսկ պատճառով երեխաները պետք է մարզվեն»,-ասում է Գեւորգ Շուշանյանը եւ ավելացնում, որ այժմ իր հեռանալուց հետո ամեն ինչ կախված է դպրոցի տնօրենից մարզասրահը մնալու է թե ոչ։