«Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը հանդիպեց Ախալցխայի հայ գործարարներին

Մայիսի 10-ին Ախալցխայի «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միությունում տեղի ունեցավ հանդիպում քաղաքի հայ գործարարների հետ, ովքեր հիմնականում կենտրոնացած են հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի վրա։ Հանդիպման նախաձեռնողը «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամն էր։ Հանդիպման ընթացքում գործարար Բակուր Մելքոնյանը՝ «Արտ Լանչ» սննդի կետերի և «Արտ Գեսթ Հաուս» հյուրանոցային ցանցի հիմնադիրը ներկաների հետ կիսվեց տվյալ ասպարեզում իր ունեցած փորձով։

Նրա խոսքերով հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի հաջողության համար անհրաժեշտ է, որպեսզի գործարարները իրենց ուժերը համատեղեն եւ միասին ստեղծեն հատուկ ընկերություն, որը ցանցի նման կկապի տվյալ հյուրանոցները եւ ռեստորանները միմյանց հետ։ Նրա կարծիքով եթե նման կազմակերպություն ստեղծվի եւ այնտեղ ներգրավեն գրագետ մասնագետներ, ապա մարքեթինգի հարցը ավելի հեշտ կարելի կլինի լուծել, ինչը իր հերթին ավելացնելու է մասնակիցների եկամուտը։

Այսօր Հայաստանի տարածքում գործում է «Արտ Լանչ» սննդի 45 կետ։ Ընկերությունը ունի սննդի կետեր Վրաստանում, Ռուսաստանում եւ Դուբայում։

Նմանատիպ հանդիպում է տեղի ունեցել նաեւ Ախալքալաքում։