1896 Թ. ՄԱՅԻՍ, ԱԽԱԼՑԽԱ, ՓՈՑԽՈՎԻ ՎԱՐԱՐՈՒՄԸ

Աչք չենք կարող բաց անել շարունակ տեղացող անձրևներից: Ապրիլ ամսի վերջին թուերից սկսած գրեթէ անընդհատ, երկու երեք օր ընդմիջումով, շարունակ անձրև է տեղում: Փոցխով գետակը խիստ վարարել է, և ափերից դուրս գալով հեղեղել շրջակայքը: Գետակի վարարումը անօրինակ է: Ջուրը քանդել է Ճիրիթ մէյտանի արքունի ճանապարհի մի մասը. ջրին կուլ են գնացել գետեզերքում գտնուող աղիւսի գործարանները, մասնաւոր տներ, փոստի կայարանի ախոռները, մի պարտէզ և այլ շինութիւններ: Ջրի աւերիչ ոյժը դեռ շարունակվում է. ջուրն օրըստօրէ աւելի ու աւելի է մեծանում, ահռելի կերպարանք ստանում և անարգել աւերումներ գործում: Ջրի աւերման առաջն առնելը ներկայիս անհնարին է դարձել: Գետափնեայ բնակիչների դրութիւնը խիստ յուսահատական է: Կատաղած ջուրը փորփրելով և մաշելով ափերը՝ հետզհետէ իւր իշխանութեան սահմաններն է ընդարձակում և խե՜ղճ տնատէրերի աչքի առաջ քշում է նրանց տներն ու կայքերը: Եթէ այսպէս շարունակուի մի քանի օր էլ, այն ժամանակ ջրի հասցրած վնասը շատ և շատ մեծ կըլինի:

 

«Արձագանք», 1896, № 57, 22 մայիսի:

Արմեն Ասատրյան