Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ կատարելու ժամանակը․

Tert.am-Վերջին մեկ տարում Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում երկրում հաստատվել է լեգիտիմ կառավարություն, ժողովրդի վստահությունը վայելող Ազգային ժողով: Սակայն Հայաստանում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Այս մասին հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում: Չեմ կարող և չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին: Դա իմ լիազորությունների մեջ չի մտնում: Բայց անկախ ամեն ինչից, ակնհայտ է սակայն, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար: Սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես մարդ, ով իրավունք ունի խոսել ժողովրդի, ՀՀ իշխանության բարձրագույն կրողի անունից»,- ասաց Ն. Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ ժողովուրդը ազատ կամարտահայտմամբ ձևավորել է օրենսդիր իշխանություն, կառավարություն, գործադիր իշխանություն, բայց «ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ դավադրություններ են նախագծվում ժողովրդի դեմ»:

«Որքանով է իրական այս կանխավարկածը, որքանով է հիմնավորված՝ բոլորովին ուրիշ խնդիր է, բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է, որ չունի գործելու բավարար լեգիտիմություն, ինչը ուղղակի սպառնալիք է երկրի բնականոն կյանքին, կայունությանը: Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից պարտավորվել եմ որևէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին, բայց մյուս կողմից չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային ազդեցությունների՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետև դրանք իրար կապված են մարդկային, քաղաքական կապերով: Որքանով կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգը ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել նույն «Մարտի 1»–ի գործով»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իրավիճակն իր ազդեցությունն է ունենում կոռուպցիոն հանցագործությունների դեմ հայտարարված պայքարի վրա: «Քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով տուժում է քննչական մարմինների արդյունավետությունը: Համարել եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու հնարավորություն ունենա, այդ թվում՝ քաղաքական կամ իրավական ապաշխարության միջոցով: Հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ կհրաժարվեն դատավորի կարգավիճակից: Նման բան, սակայն, տեղի չունեցավ: Դատական համակարգի ժողովրդական վստահությանն արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված: Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը»,- շեշտեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը, որը պետք է արտահայտվի հետևյալում.

«1. Մարդիկ պետք է իմանան ՀՀ-ում գործող բոլոր դատավորների գույքային վիճակի մասին, քաղաքական կապերի ու ծագումնաբանության մասին:

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն:

3. Բոլոր դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան:

4. Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական առաջնահերթություն է ՀՀ համար:

5. ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ երկրի համար կենսական օրակարգը կյանքի կոչելու, ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, պետք է գնանք այդ քայլին: Եթե սրա համար անհրաժեշտ լինի համաժողովրդական հանրաքվե, պետք է գնանք նաև նման լուծումների»:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ այս օրակարգը քննարկել են ՄԱԿ-ի, ԵՄ և այլ ներկայացուցիչների հետ և ինքը հույս ունի, որ միջազգային գործընկերները կկանգնեն ՀՀ կողքին՝ իրապես անկախ, օբյեկտիվ դատական համակարգ ունենալու համար:



Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց քաղաքացիներին նշելով, որ ակցիան ծառայեց իր նպատակին և կոչ արեց վերացնել դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը: