Մխիթար Հայրապետյանն առաջարկում է «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի համայնքների ուժեղացման ծրագրերի

Armenpress.am-Օրերս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով Մխիթար Հայրապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին ներկայացրել է հիմնադրամը փաստացի համահայկական դարձնելուն միտված առաջարկ, այն է՝ ամենամյա հեռուստամարաթոն-դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի հայկական համայնքների ուժեղացման տարբեր ծրագրերի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Հայրապետյանի, սա Սփյուռքի հետ հարաբերություններում բոլորովին նոր քաղաքականություն վարելու իրենց նախընտրական ծրագրի կետերից մեկն է, որի շնորհիվ Հայաստանը կարևորագույն դեր կունենա Սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատություների ուժեղացման գործում, կաջակցի դժվարության մեջ հայտնվածներին, կլուծի հրատապ խնդիրները:

Շարունակելով՝ Մխիթար  Հայրապետյանն արձանագրում է, որ գործադիր տնօրենի, նրա թիմի և իր պատկերացումները լիովին համընկնում են. Հայաստան-Սփյուռք կապի առողջացմանն ուղղված այս հերթական քայլին պարոն Արշամյանը մանրամասն կանդրադառնա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ՝ հունիսին։