Հերոսամարտ, թե՞ օրհասակռիվ

Մեկ տասնամյակից ավելի է, ինչ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը հատիկ հատիկբեմ էր բարձրացնում, հերթական Հայոց ռազմապարն ու տքնումևս մեկ նոր ռազմապար հայտնաբերելու, գրառելու, վերականգնելու, բեմականացնելու և Հայոց բեմը նրանցով զարդարելու, և որ ավելի կարևոր է Հայոց ազնվական ոգին վերածնելու համար: Այս տաս տարիների ընթացքում զուգահեռաբար ապարդյուն փորձեր է արվել ռազմապարերը Հայոց բանակ ներդնելու, հայ զինվորի մարմնակրթական, ոգեղեն, և ազգային ինքնագիտակցության, գաղափարական դաստիարակության հիմնասյունը դարձնելու, որոնց օրհասականությունն ավելի քան հասունացել է:

Թերևս, ինչ որ նախախնամություն կար, որ տարիներ շարունակ հասունացող այս նախագծի իրականացումը համընկավ հենց մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի հետ.հերոսամարտեր, որոնք ըստ իս ոչ միայն լիարժեք և հիմնարար վերլուծված չեն, այլև շարունակում են ոչ պատշաճ վերաբերմունքի արժանանալ և՛ մասնագետների , և՛ թե պետական այրերի, իշխանությունների կողմից:
Մենքսիրով «ՊարքԲանակաց» գիրքն ու տեսապարուսույցի ծրագիրը նվիրում ենք մայիսյան հերոսամարտերի հոբելյանին և Ձեզ ենք ներկայացնում մեր մոտեցումը,  մեր պատկերացումներն ու հերոսամարտերի մեր, միգուցե, փոքր ինչ սուբյեկտիվ, բայց և միանշանակ սրտացավ վերլուծությունը, որը հուսով եմ նորովի լույս կսփռի հերոսամարտերի ավելի խորքային և բարոյահոգեբանական խնդիրների վրա:

Խորհրդային տարիներին միտումնավոր, թե ոչ տեղեկությունների ոչ բավարար լինելու պատճառով մայիսյան հերոսամարտ հասկացողությունը պարփակվել էր միայն երեք ճակատամարտերով և ամբողջովին անտեսվել էին Շիրակում տեղի ունեցած ոչ պակաս հերոսական ճակատամարտը Սոգյութլու(Սառնաղբյուր) գյուղի մոտ, որն իրականում նախորդել էր Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսայի ճակատամարտերին, ինչպես նաև սովետական եղբայրության կեղծ քարոզներով խեղդվել էին Ջավախքում՝ հատկապես Սաթխա գյուղում տեղի ունեցած հերոսական ճակատամարտերի մասին տեղեկություններն, որոնք նույնպես նախակարապետներն էին վերահաս մեծ Հայ-թուրքական ընդհարումների, և իհարկե Ախլցխայի հերոսամարտը, որը ոչ թե մայիսյան էր, ոչ թե օրեր, այլ ամիսներ, գրեթե կես տարի տևած, երկար ու ձիգ մի ինքնապաշտպանական հերոսապատում: Ախլցխայի պաշարումն սկսվել էր դեռևս 1917թ.-ի դեկտեմբերից, և ճակատամարտն իրականում այնտեղ ավարտվեց հունիսի 6-ին: Ամենավիրավորականը նաև այն էր, որ ոչ մի լուրջ մասնակցություն չունենալով, և Ախլցխայի հերոսամարտը Հայոց Ազգային Խորհրդի և հայ ժողովրդի բզկտված ուսերին թողնելով, վրաց մենշևիկները Հայոց ոգու հաղթանակով օծված այս տարածքը հետագայում հանձնեցին Թուրքական պետությանը: Ախլցխացի հայերի ջանքերով այն վերստին ազատագրվեց, այս անգամ արդեն սովետիզմի քմահաճույքով Խորհրդային Վրաստանին ընծայվելու համար:
Անհրաժեշտ է նշել, որ մինչ այժմ չկա մի ամբողջական ռազմավարական քարտեզ և ռազմագետների կողմից կատարված ոչ թե յուրաքանչյուր ճակատամարտի առանձին-առանձին մարտավարական վերլուծություն, այլև ճակատագրական իրադարձությունների ընդհանրական, ռազմավարական վերլուծական, որն իր հերթին պիտի հիմք դառնար պատմաբանների ակադեմիական ամբողջական մի աշխատության: Անհրաժեշտ է պատկերավոր նկարագրել ոչ միայն հերոսամարտերն իրենց տարածքային ողջ ընդգրկվածությամբ ու փոխկապակցվածությամբ, այլև իրադարձությունների զարգացումներն ու քաղաքական և ռազմական իրադարձությունների փոխներգործությունները, ռազմական անցքերի ճշգրիտ ժամանակագրական վերլուծթյան հենքի վրա:

Եվ այսպես փորձենք ոչ մասնագետի աչքով հասկանալ հերոսամարտերի ողջ ընթացքն ու նրանից ստացված դասերը:

Հերոսամարտերին նախորդող տարիներն ավելի քան դաժան էին Հայի համար և առաջին աշխարհամարտի բոցերի մեջ վառվող աշխարհն ականջալուր չեղավ Հայոց մեծ ողբին, և Թուրքիան օգտվելով համաշխարհային պատերազմի ստեղծած խառնաշփոթից գործեց ոճիրն ու… չհաջողեց իր ծրագրում. Հայոց հարցի լուծումը հայ չթողնելն էր հենց: Ցեղասպանությունից երկու տարի անց՝ 1917թ.-ին  Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր հերթին հանգեցրեց ռուս-թուրքական ռազմաճակատում ռուսական զորքը կազմալուծմանը: Անգլուխ, առանց ղեկավարության մնացած ռուսական բանակը բարոյալքված լքում էր մարտադաշտն ու երբեմն զենքն ու զինամթերքը թողնելով ոսոխի ձեռքին, Արևմտահայերին թողնելով թուրքական զորքերի դեմ առ դեմ, անզեն ու անպաշտպան:

Դեռևս 1914թ.-ին՝ աշխարհամարտի սկզբին, ձևավորվում է իրականում մեր Հայրենիքի ողջ երկանքն ընդգրկող, բայց չգիտես ինչու Կովկասյան կոչվող, ռուս-թուրքական ռազմաճակատը, որը ձգվում էր Սև ծովից մինչև Ուրմիա լիճ: Ռուսական ցարն ընդունում է հատուկ մանիֆեստ, որով կոչ էր անում կամավորագրվել ռուսական բանակին, խոստանալով ինքնավարություն թուրքերից Արևմտյան Հայաստանն ազատագրելուց հետո: Հատկանշական և տարօրինակ է, որ նույնատիպ, այսինքն ինքնավարության խոստումներ էր տալիս Թայլաթը արևմտահայերին՝ իրենց օգնությամբ Արևելյան Հայաստանը գրավելուց հետո:
Միայն վառ երևակայությունը կարող է պատկերոցնել, որ շուրջ 300 հազար արևմտահայեր զորակոչվեցին թուրքական բանակ, իսկ 200 հազար արևելահայեր կամավորագրվեցին ռուսական բանակին: Այսինքն ցեղասպանության նախօրյակին շուրջ կես միլլիոն զինված հայ, բարիկադների տարբեր կողմերում, և ոչ մի ընդհանուր գաղափար, և ոչ մի քաղաքական միտք, և ոչ մի սթափություն, և ոչ մի իրատեսություն, և դարերի ընթացքում հյուծված, կամ իսպառ մահացած պետական մտածելակերպ, որ պետք էր դրսևորել այդ ճակատագրական պահին:
Նժդեհը պիտի ասեր. Մեր ազգին միշտ էլ պակասել է վճռական մենակի գաղափարը: Եվ ամենասարսափելին 100 և ավելի տարիներ անց արդյոք վերարժևորել ենք այս դեպքերի զարգացումներն ու արդյոք մերօրյա հայ քաղաքական միտքը՝ եթե այն իհարկե գոյություն ունի, ինքն իր համար հետևություններ արել է, և գիտի թե ինչ մահացու սպառնալիք է շարունակել վճռական մենակից խուսափել, խուսափել որոշումներ կայացնելուց, և անընդհատ հույսը սարդարապատյան, կամ զանգեզուրյան, կամ… արցախյան հերոսամարտի, կամ ապրիլյան քառօրյայի խենթերի վրա թողնելով շարունակել ազգի դեգերումը գերտերությունների ազգակործան քաղաքականությունների թելադրանքով հաճոյանալու քստմնելի ու ապիկար քաղաքականություն վարել:

Արևելահայերը խանդավառությամբ ոչ միայն սկսեցին կազմավորել կամավորական ջոկատներ, որոնցից առաջինը գլխավորեց հենց Զորավար Անդրանիկը:Ձևավորվեց շուրջ յոթ ջոկատ, կամավորական ջոկատներ կազմակերպվեցին Թիֆլիսում, Երևանում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Հունաստանում և այլուր: Սկսվեցին ահռելի չափով հանգանակություններ, ԱրևելաՀայաստանից մինչև Ամերիկա, որի գումարները այն ժամանակվա համար աստղաբաշխական թվերի էին հասնում՝ միլիոնավոր դոլարների:

Ճակատագրական 1917թ.-ը ոչ միայն ցնցեց աշխարհը, ոչ միայն մղձավանջի վերածեց Ռուսաստանը, այլ Հայաստանի համար ևս մեկ դաժանագույն քաղաքական և ազգային դաս դարձավ, որից մենք այնուամենայնիվ դասեր չքաղեցինք: 1917-ի փետրվարյան և ապա հոկտեմբերյան հեղափոխություններիմիջև Հայ ժողովրդի կենսագրությունն ուղղակի կրկին, այս էլ որերրորդ անգամ  գլխվի վրա շուռ եկավ, կործանելով արդեն իսկ կործանված ազգը:
Փետրվարյան հեղափոխությունը արժանապատիվ ապագայի, անկախության, կամ գոնե ինքնավարություն ձեռք բերելու վառ հույսեր էր արթնացրել Հայ ժողովրդի մոտ, սկսած Ռուսաստանում ազգային խնդիրների բարեփոխումներից մինչև Արևմտյան Հայաստանի մասին Մանիֆեստ: Ազգային հիմնախնդիրների և սեփական իրավունքների համար մղվող պայքարից, ավելի ճիշտ կլիներ ասել, իրենց իսկ անմարտունակությունից հոգնած, և սեփական ճակատագիրն ու իրենց ազգային խնդիրների լուծումը օտարի, իրեն պարբերաբար պատմական ապտակ տվող ձեռքից սպասվող մուրացիկին տրվող ողորմության նման, պատրաստ էին «մեծ եղբոր», քամահրանքով տրված այդ մի պտղունց ողորմության դիմաց ևս մի քանի պատվազրկող ապտակ ընդունելու, առանց անկախ պետականության հեռավոր երազանք անգամ ունենալու:

Եվ ապտակը, այս անգամ ոչ թե պատվազրկող, այլ նաև հայրենազրկող և ժայռի պես ոգի ունեցող ազգին ֆիզիկապես խճաքարի վերածող ապտակը չուշացավ:
Հոկտեմբերյան հեղափոխությունը նաև Արևելյան Հայաստանը վերածեց մղձավանջի: Եվ այս ամբողջ կարճ, բայց ճակատագրական ու իրադարձություններով լի տարիներին քաղաքական միտքն ու քաղաքական կուսակցությունները ավելի քան բավարար դասեր տվեցին իրենց անզորության և ապիկարության, հաճախ նաև ազգի օրհասական, կենաց մահու կռիվների մեջ սեփականոգու ընկեցիկության և անգամ ազգակործան շահամոլության:

Բոլշևիկյան հեղաշրջումից հետո տարածաշրջանում ստեղծվել էր չափազանց բարդ և անկայուն իրավիճակ: Նորաստեղծ Անդրկոմիսարիատը բանակցությունների շնորհիվ 1917-ի դեկտեմբերին Երզնկայում Թուրքիայի հետ կնքեց զինադադարի համաձայնագիր: Սակայն շատ չանցած թուրքերը վերսկսեցին հարձակումն ու  գրավեցին Երզնկան, Բաբերդը, Մամախաթունն ու ԱրևմտյաՀայ գլխավոր կենտրոնը՝ Կարինն ու ներխուժեցին Արևելյան Հայաստան: Արդեն հիմք էր դրվել Հայկական կանոնավոր զորքի ստեղծմանը, որն այնուամենայնիվ անզոր եղավ կանգնեցնել թուրքական զորքի առաջխաղացումը:
Անմեկնելի և մեղմ ասաց անհասկանալի է ԱրևելաՀայոց մեջ տարածված այն մտայնությունը, որ Արևմտյան Հայաստանի հայությանն արմատից հատած, մեկ ու կես միլլիոնից ավել ցեասպանած թուրքը չի անցնելու Արաքսն ու Ախուրյանն ու չի մտնելու Արևելյան Հայաստան:
Արևմտյան Հայաստանին ինքնավարություն խոստացած Ռուսաստանը Ցարիզմից Բոլշևիզմիզգեստափոխված, արդեն 1918-ի մարտի3-ին երեք ամիս տևած բանակցություններից հետո, Բրեստ-Լիտովսկում  Լենինի գլխավորությամբ,կնքեց հաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև,որի 4-րդ հոդվածով, և ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրով, առանց պատերազմի Թուրքիային զիջեց ոչ միայն ողջ Արևմտյան Հայաստանը, այլև Ռուսաստանի կազմի մեջ մտնող Արևելյան Հայաստանի Կարսի ու Արդահանի մարզերը:
Ապրիլին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց Ռուսաստանից անկախացման մասին, որն էլ ավելի սանձարձակ դարձրեց թուրքերի գործողությունները: Կառավարության վարչապետը վրացի Չխենկելին էր: Չնայած կառավարությունում նաև հայ նախարարներ կային, սակայն հանգուցային նախարարություններն ու ըստ երևույթին կառավարության ողջ քաղաքականությունը որոշում էր վրացական կողմն ու նաև ադրբեջանցիների մեծ եղբոր՝ Թուրքիայի դեմ  քայլեր չկատարելու մղումը: Անդրկովկասյան ճակատի հրամանատար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Օդիշելիձեն, ում քրոջ ամուսինը թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան էր: Եվհենց վրացիների խարդավանքով էլ՝ կառավարության ղեկավար Ա. Չխենկելու հրամանով, ամբողջովին պաշտպանված և Հայոց հրամանատարությամբ(հրամանատար նշանակված էր գեներալ Թովմաս Նազարբեկովը) ղեկավարվող հզոր ռազմական հենակետը՝ Կարսը, առանց կռվի հանձնվեց թուրքերին, որի դիմաց Վրաստանին միացվեց Բաթումը:
Թուրք-Անդրկովկասյան պատերազմը սահուն վերաճեց Թուրք-Հայկական պատերազմի:

Դեռևս 1917-ի դեկտեմբերից Ախլցխայում ընթանում էին ինքնապաշտպանական  մարտեր: Թուրքերն ամբողջովին շրջափակել էին քաղաքն ու փորձում էին հյուծել ինքնապաշտպանական ուժերին: Հայական գումարտակն ու ընդհանուր ինքնապաշտպանությունը ղեկավարում էր Ախլցխայի քաղաքապետ, և Հայոց Ազգային խորհրդի նախագահ Զորի Զորյանը: Թուքերն այդպես էլ չկարողացան կոտրել հայերի դիմադրությունը: Ինքնապաշտպանական մարտերին մասնակից էին երեխաներից սկսած մինչև ծերերն ու կանայք: Հանճարեղ զինագործների՝ Չիֆթալարյաննների տոհմի ձևափոխված կարի մեքենաներով կանայք նոր փամփուշտ էին կարում, կրակված փամփուշտների պարկուճները գիշերով կռվի դաշտից հավաքում էին հայ մանչուկներն ու առավոտյան վերստին անողոք կռվի համար իրենց հերոս հայրերին ու ամուսիններին նոր փամփուշտներ մատակարարելով:
Ուշագրավ էին առանձին մի քանի գյուղերի Ծղալթբիլայի, և հատկապես  ՛՛խանչալ քաշող՛՛ անունը վաստակած, քաջաց գյուղի՝ Ծուղրութի  ճակատամարտերը:
Չնայած Ախլցխայի շուրջ վեց ամիս տևած հերոսամարտի մեկ, երկու արդեն լույս տեսած մենագրությունների, այնուամենայնիվ պետք է լուրջ պատմագիտական վերլուծության ենթարկել Ախլցխայի անցքերն ու նաև բացահայտել հզոր թուրքական զորքի դեմ հաջողած այս երկարատև պատերազմի հաջողության ֆենոմենը:
Թուրք-հայկական պատերազմի ամենավառ էջերից է Շիրակի գոյամարտը: Մայիսի 5-ին տեղի բնակչությունը Շիրակում և Արագածոտնում ապաստանած Արևմտահայերի հետ միասին Սասունցի Մանուկի և Մուշեղի գլխավորությամբ ազատագրեցին Թալինի բերդը:
Մայիսի 7-ին թուրքերը հարավ-արևմուքից ներխուժեցին Ջավախք: Հայկական ուժերը համառ դիմադրություն ցուցաբերեցին հատկապես Սաթխա գյուղի մատույցներում:
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը վերջնագիր ներկայացրին Ալեքսանդրապոլում տեղակայված Հայկական զորքի հրամանատարության, պահանջելով 3 ժամվա ընթացքում հանձնել քաղաքն ու զորքը հեռացնել երկաթուղուց, և չսպասելով վերջնագրի պատասխանին, հարձակվեցին ու առանց լուրջ դիմադրության գրավեցին քաղաքը:
Մայիսի 16-ից 27-ը հայկական ուժերը հաղթական մարտեր մղեցին Շիրակում՝ Սոգյութլուի (Սառնախբյուրի) ճակատում:

Ահա այն ամբողջ զարգացումներն ու ռազմաքաղաքական իրադրությունը որ նախորդեցին Սարդարապատի(մայիսի 22-29), Բաշ-Ապարան(մայիսի 23-29), Ղարաքիլիսայի(մայիսի 24-28) ճակատամարտերին:

Իհարկե ճիշտ կլիներ վերջապես, հերոսմարտերը, հարյուր տարի անց ռազմավարական վերլուծության ենթարկել, և նկարագրել դեպքերի զարգացումները օր առ օր, ճակատամարտերի ամբողջ երկայնքով, Ախլցխայից, Ջավախքով, Շիրակի Սառնաղբյուրով, մինչև Սարդարապատ, Բաշ-Ապարան ու Ղարաքիլիսա, փորձելով պարզաբանելով յուրաքանչյուր ճակատի մարտավարական զարգացումներն ու նրանց փոխազդեցությունը մյուս ճակատների վրա իրադարձությունները ռազմավարական վերլուծության ենթարկել:

Սակայն գիտակցելով մեր աշխատության բուն առաքելությունը, հակիրճ կներկայացնենք հերոսմարտերի զարգացումներն ու փոխկապակցվածությունը, նրանց կարևորությունը պատմական և  քաղաքական դասեր քաղելու տեսանկյունից հետագա զարգացումները կանխատեսելու, և մեր ազգի, մեր երկրի առջև նորովի հառնող մարտահրավերներին դիմակայելու  ունակ նոր սերունդ դաստիարակելու համար:

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական 50-հազարանոց «Կարս» զորամիավորումը չորս հիմնական ուղղություններով շարունակում է առաջխաղացումը: Առաջին երկու ուղղությունների՝ դեպի Թիֆլիս և դեպի Ելիզավետպոլ, թուրքերի հիմնական նպատակը դեպի Բաքու արշավելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելելն էր: Երրորդը Ալեքսանդրապոլից դեպի Բաշ-Ապարան հարձակման ուղղությունն էր, իսկ չորրորդ ուղղությունը՝ դեպի Երևան տանող երկաթգիծն էր, որոնք էլ հնարավորություն կտային վերջնականորեն բռնազավթել նաև Արևելյան Հայաստանն ու հարատևորեն պատմական թատերաբեմից ջնջել հայկական հարցն ու հայ անունը:

Հայկական ուժերը նահանջում են Երևանի ու Ղարաքիլիսայի ուղղություններով:

21-ին թուրքերը զավթում են նաև Սարդարապատ կայարանն ու ավելի մոտենում Երևանին ու Էջմիածնին:

Զորավար Սիլիկյանը հեռախոսով Երևանի պարետ Շահխաթունուն հայտնելով թուրքական հարձակման մասին, տեղեկացնում է նաև, որ գաղտնի հեռագրով խնդրել է Արամ Փաշային՝ Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանին, որ վերջինս համոզի կաթողիկոսին թողնել Էջմիածինն ու մեկնել ամառանոց:
Կաթողիկոսի պատասխանը ավելի քան կտրուկ էր ու ոգեշունչ, բայց նաև սթափեցնող.
«Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:
Զորավարների նահանջի հորդորին ի պատասխան, Հայոց հովվապետի հրամանով հայոց բոլոր եկեղեցիների զանգերն ահազանգում էին. Ի՛ զե՜ն, մարտի՝ օրհասակռվի կոչելով ազգս Հայոց:
Կաթողիկոսը ժողովրդի ներկայությամբ երդվում է չլքել տաճարը Հայոց և պաշտպանել այն, անգամ համընդհանուր նահանջի դեպքում:
Գևորգ 5-րդ Սուրենյանցը իր կոչով դիմում է ժողովրդին.

«Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:

Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից:

Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չ՛ի ունեցել և չ՛ի ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:

Հայ-թուրքական պատերազմում տեղի ունեցավ բեկում, բայց ռազմական բեկմանը նախորդեց, ես կասեի ռազմական բեկմանը սկիզբ դրեց հոգևոր, ապա և գաղափարական բեկումով, և Հայոց Հայրապետի վճռական ու ոգեղեն խոսքը սկիզբ դրեց Հայոց անպարտ ոգու վերածննդին:
Եվ ազգն առանց վարանելու ելավ օրհասակռվի և պատմության անիվը կրկին դարձավ ձեռնածու Հայ ոգու, և ինքնությունըվերագտած Հայու համար:

«Մայիսի 22-ը բեկումնային եղավ ոչ միայն Սարդարապատի ճակատամարտի, և ընդհանուր Հայ-թուրքական պատերազմի, այլև ողջ Հայոց կենսագրության համար:
Մայիսի 22-ին սկսվեց շատ ուժեղ կռիվ։ Մեր բանակը երբեմն պառկում, երբեմն գնդակների տարափի տակ վազում էր դեպի տաճիկները։ Հրացանների, գնդացիրների համազարկը, թնդանոթների գոռոցները օդն էին թնդացնում։ Հասան-Փաշայանի հետ կանգնած էի մի բարձր տեղում։ Դիտակով նայում էինք, թե ինչպես մեր թնդանոթները թշնամու շարքերում առաջ էին բերում ավերածություններ» (Հովակիմ Մելիքյան, Արյան ճանապարհով, Հայրենիք, թիվ 7, 1925թ., Բոստոն)։

Սարդարապատում և Բաշ-Ապարանում բեկումը դյուրին տրվեց և բեկման համար նախադրյալներն այլ էին, քան Ղարաքիլիսայում: Իսկ Ղարաքիլիսայում հոգևոր անկումը ոչ միայն հասարակ ժողովրդին էր պատել, այլև կազմալուծել ողջ բանակն ու անգամ զորավարներին և Ալեքսանդրապոլի անկումը խուճապի  մթնոլորտ էր ստեղծել: Սարդարապատին երեք օր պետք էր, ընդամենը երեք օր ոչ թե ճակատամարտը, այլ հայոց լինելիությւոնը տանուլ չտալու համար, ընդամենը երեք օր՝ հայ-թուրքական հակամարտությունում բեկումն անդառնալի դարձնելու համար: Իսկ հայոց հրամանատարները, անգամ գեներալ Նազարբեկովը ոչ միայն պատրաստ չէր սեփական կյանքի գնով փրկել ճակատամարտն ու այդ բախտորոշ երեք օրերը նվիրել Սարդարապատին ու ողջ հայությանը, այլ պատրաստ չէին անգամ փոքր ինչ վտանգել իրենց կյանքն ու փորձել գոնե դիմադրել առաջացող և Ղարաքիլիսայի վրայով Սարդարապատին թիկունքից հարվածել ձգտող թուրքական զորքին: Կորպուսի սպայակույտը Դիլիջանում ժողով է հրավիրում եւ սկսում համոզել Նազարբեկյանին գնալ Ղարաքիլիսա ու հանձնվել թուրքերին: Նազարբեկյանը Հայոց ազգային խորհրդին հեռագրում է.«…անհրաժեշտ է անհապաղ հրաժարվել ռազմական գործողություններից եւ հաշտություն կնքել…
… ի՞նչ անեմ, եթե թուրքերը շարունակեն հարձակումը Դիլիջանի վրա, քանի որ կորպուսի սպայակույտը այլեւս նահանջելու տեղ չունի… »:
Հիշեցնելովապրիլին Չխենկելու հրամանով Նազարբեկովի հրամանատարությամբ Հայոց Կարսն առանց կռվի թուրքին հանձնումը, նշեմ նաև, որ1920 թ. Ապրիլի 28-ին Ադրբեջանում սովետական կարգերի հաստատումից հետո, կառավարության նիստ հրավիրելով,վարչապետ Խատիսովըփորձում է ճշտել նիստին ուշացած ներս մտած «ժեներալի» կարծիքը, որն էլ դեռ չնստած, ոտի վրա պատասխանում է՝ «Появился русский медведь, надо сдаваться», բայց զգալով, որ «сдаваться» բառը վատ տպավորություն է գործում ներկաների վրա, փորձում է ուղղել իր խոսքը՝ «сдавать страну и уйти»:
Սակայն ընդվզում է հայոց ոգին, և այս անգամ հայոց ռազմի Աստվածը ընդվզում է հրետանային մարտկոցի հրամանատար կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցի ոգով, նրա շուրթերից հնչեցնելով.    «Ես չեմ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայու արյուն ունի իր երակներում՝ թող իմ հետևից գա»:

Արդարացի է  հայոց ռազմի մարգարե Նժդեհի այն միտքը, թե . « Մեծ մարդը (հերոսը). — Դա սպասվելիք օգնություն է, մխիթարությունը: Մեսիան, որ ժամանակների մայրը երբեմն — երբեմն աշխարհ կուղարկի այս կամ այն ժողովրդի և մարդկության համար (Աստծո առջև արդարացնելու ազգի գոյությունը)»:

Քիչ անց ժողովուրդը իրենց մոտեցող փոշու ամպեր է նկատում: Փոշու ամպերի մշուշը ցրվելուց իրենց մոտեցողների ռազմական արտահագուստի կոկիկությունից ակնհայտ է դառնում, որ մոտեցողները  Նժդեհի զինվորներն են:

Նժդեհը նունպես հայտարարում է, որ կռվելու են մինչև վերջ . «Սպաները գնում են անձնատուր լինելու: Թող գնան: Իսկ ես գնում եմ մեռնելու: Ով դեռ իրեն բարոյապես մեռած չի համարում՝ թող հետևի ինձ»:

Հնչում է Նժդեհի բոցաշունչ ճառը.

«…Ես հաւատում եմ մեր ուժին, եւ մենք կըյաղթենք առանց ռուսների, առանց ուրիշ ուժերի: Միայն հարկաւոր է սթափուել: Ով զենք չունի՝ թող վերցնի, ով ձի չունի՝ գտնի, ես կառաջնորդեմ ձեզ դեպի Սուրբ պատերազմ: Եթէ մենք ձեռներս ծալած նստենք սպասենք, որ ռուսը կամ անգլիացին մեր փոխարէն կռւեն եւ մեր հողերը մեզ վերադարձնեն՝ ոչինչ չենք հասնի: Իմացէք, մեծ ժողովրդներն էլ ուժեղներին են պաշտպանում: Թոյլերին տէր կանգնողներ չեն լինում: Վարդանանց սուրբ պատերազմի ժամանակ այս նոյն խօսքերով էր դիմում քաջ Վարդանն իր զորականներին: Հիմա ես կրկնում եմ նրա խօսքերը եւ կոչեմ անում. Մահ կամ ազատութիւն: Ուրիշ ճանապարհ չկայ»:

Ճիշտ է, ի տարբերություն Սարդարապատի և Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսան հաղթական ավարտ չունեցավ, սակայն ավելի քան հաղթական էր Ղարաքիլիսան, քանզի այն պարգևեց սպասվելիք երեք և ավել օրերը Սարդարապատին և ապահովեց բեկումը պատերազմում և հայոց վերածնունդը և ի հեճուկս կրավորական որոշ զորավարների և սպայակազմի, հայոց ռազմական հանճարի և անպարտ ոգու այնպիսի դասեր տվեց, որ թուրքական զորքի գլխավոր հրամանատար Վեհիբ փաշան, որն Անդրկովկասյան Սեյմի վարչապետ ազգությամբ վրացի Չխենկելու քրոջ ամուսինն էր, ստիպված էր խոստովանել. «Բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»:

Հայոց քարտեզն օրստորե գունազրկվում էր թուրքական երանգներից և վերագտնում իր բնական՝ հայկական գույները: Ամեն օր, ամեն ժամ ռազմաճակատի գիծն արշավում էր դեպի թուրքական՝ բազում ազգերի և հատկապես հայու արյան վրա ստեղծված պետականության խորքը, կարծես ուրվագծելով վերածնվող Հայոց պետականության սահմանները: Բաշ-Ապարանում նույնպես Հայոց ռազմի Աստվածը նույն՝ հաղթական քայլերթն էր հնչեցնում: Ռազմակոչերով ժողովրդին են դիմում զորավարները՝ Սիլիկյանն ու Նազարբեկովը:

«Հայե՛ր: Մեր քաջարի զորքերի հերոսական գործունեությունը շարունակվում է, և թուրք զորքերը նահանջում են: Մենք պետք է հետ առնենք Ալեքսանդրապոլը, որն այնպես նենգորեն գրավեցին թուրքերը: Նրանք պահանջում են ամբողջ Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառները՝ Էջմիածին վանքի հետ միասին և Երևանի, Նախիջևանի գավառների մեծ մասը: Մի՞թե մենք պետք է տանենք այդպիսի անարգանք: Հայե՛ր, շտապով խմբվեցեք, վռնդե՛ք թշնամուն մեր հայրենի արյունաներկ հողից: Դեպի՛ զենք բոլորդ: ․․․»

Մովսես Սիլիկյան

«…ամեն դանդաղում ներկա վճռական րոպեին կործանիչ է, լավ գիտցեք, որ եթե այժմ զենքով չկարողանանք պաշտպանել մեր ազատությունն ու ունեցվածքը, ապա մենք արժանի չենք գոյություն ունենալու որպես ինքնուրույն ժողովուրդ եւ այն ժամանակ վա՛յ մեզ ու մեր հետնորդներին։ Լավ իմացեք, եթե այժմ զենքով չնվաճենք մեր ազատությունն ու չստեղծենք մեզ համար երջանիկ ապագա — այլեւս երբեք չի հաջողվի այդ բանը ոչ մեզ եւ ոչ մեր սերունդներին»։

Գեներալ Նազարբեկով

Արամ Մանուկյանի ընկերեւ 1918-ի հերոսական դեպքերի ականատես Արշալույս Աստվածատրյանը գրում է. «Հայ զինվորը մայիսի սկզբներին եւ այդ նույն զինվորը մայիսի վերջերին իրար հետ չհամեմատվող մեծություններ էին»։

Իսկ ինչ էր փոխվել մայիսի սկզբների և մայիսի վռրջերի հայ զինվորի մեջ, ինչով էր տարբերվում 1918-ի մայիսի վերջի զինվորը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, նաև Շիրակի Սառնաղբյուրի, Ջավախքի Սաթխայի և Ախալցխայի զինվորը 1914թ սեպտեմբերին ռուս-թուրքական սահմանի երկու կողմից զորակոչված կես միլիոն, իսկ 1915-ին զինաթափվող և անպատիվ ոչնչացվող ազգությամբ հայ զինվորից , 1918-ին իրեն Անդրկովկասի վարչապետ հռչակած մի վրացու հրամանով հայոց գեներալ-զորավարներով ղեկավարվող առանց կրակոց Կարսը թուրքին հանձնող և անգամ 1920-ի հոկտեմբերին բոլշևիկ հայի հորդորով նույն Կարսը անամոթաբար «եղբայր» թուրքին հանձնող, և 1920-1921թթ. Ռուս բոլշևիկի հրամանով, հանուն «համաշխարհային հեղափոխության» իր երկրի և իր երկիրն ու իր անկախությունը պաշտպանող զինվորի վրա կրակող զինվորից:

Ցավոք, այս հարցը հռետորական չէ, և այս հարցի պատասխանն է, հարցի ու պատասխանի բանաձևումն է, որ պիտի կերտի վաղվա արժանապատիվ ու անպարտելի, ռազմավարորեն անխոցելի Հայաստանը: Իսկ իմ, ոչ քաղաքական իմաստությամբ, ոչ պատմական ու ռազմավարական անցքերի վերլուծողի իմաստությամբ, այլ ուղղակի սրտացավ հայի կարծիքով ոչ թե զինվորն էր փոխվել, այլ նրա գաղափարական ու ոգեղեն լիցք հաղորդող հոգևորականն ու մտավորականը, նրան մարտի մղող , նրան օրհասակռվի հրաման տվող զորավարն ու միայն այդ ամենի շնորհիվ սեփական երկրին, սեփական ճակատագրին ու առավել ևս արժանապատվությանը տեր կանգնելու կամք ունեցող զինվորը:

Կարծում եմ, որ ժամանակն է ոչ թե ճակատամարտերից յուրաքանչյուրն առանձին-առանձին մարտավարական վերլուծության ենթարկելու և թվարկելու կողմերից յուրաքանչյուրի ունեցած զորքի , զենքի և զինամթերքի քանակն ու շարադրել դեպքերի զարգացման հերթականությունը՝ համեմելով այն թվերով ու փաստերով, այլ հայոց վերածնունդի , ողջ Արևելյան Հայաստանի տարածքով ընթացող մարտերի, ողջ ռազմաճակատի իրադարձությունների ռազմավարական վերլուծության շնորհիվ կերտել Հայ ժողովրդի ոգու և արժանապատվության վերածննդի և հատկապես դրան նախորդող հոգևոր և ոգեղեն ընկեցիկության ֆոնի վրա հայ ազգի իրական, արժանապատիվ ու ասպետավայել նկարագրի վերածննդի բարոյահոգեբանական նախադրյալներն ու պատճառները:

1918 թ-ի մայիսի 26-ին լուծարվում է Անդրկովկասյան սեյմը: Անկախության հռչակագիր է հրապարակում Վրաստանը, հաջորդ օրը՝ մայիսի  27-ին՝ ներկայիս Ադրբեջանը, որն իր անկախությունը հռչակում է որպես Արևելակովկասյան Մուսուլմանների Հանրապետություն ( մերօրյա հայ դիվանագիտության գործուն ներկայացուցիչների մեծ մասը չգիտի թե ինչ է թաքնված հարևան պետության  ներկայիս անվանման տակ, և առավելևս արցախյան հիմնախնդրի բանակցությունների ժամանակ այն չի օգտագործվում  հայ դիվանագիտության կողմից որպես անհերքելի փաստարկ Արցախի հայ ազգաբնակչության և Արցախի ներառման անհնարինությունը վերոնշյալ պետականության շրջանակներում հիմնավորելու համար):

Մայիսի 28-ին այդ երկու հռչակագրերին հետևում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդի հռչակագիրը, որտում ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:

Հռչակագրում դժվար է գտնել անկախություն բառը, ինչպես շատ հաճախ էր պատահում, հայոց ռազմական և ոգեղեն հրաշագործումներին հետևում են հայոց դիվանագիտական ընկեցիկ ու կրավորական դրսևորումները:

Օրեր անց, սթափվելով և գիտակցելով կատարվածի ողջ զորությունը, հունիսի սկզբին հրապարակվում է նոր հաղորդագրություն.

«Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Կարճ կյանք ունեցող առաջին հանրապետության ճարտարապետը 1918-ի հերոսամարտերն են, որոնք և հետագայում հիմք դարձան ոչ միայնՍովետական Միության կազմում առանձին հանրապետություն ունենալու հայոց իրավունքի, այլև անգամ մերօրյա անկախ պետականության:

1918-ի հերոսամարտերը հաճախ համեմատվող Ավարայրի ճակատամարտից շատ ավելի վեր են և շատ ավելի կարևոր, քան հայոց պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունեցող ցանկացած պատերազմ, քանզի տարածքային, սահմանային, կրոնական , անգամ պետականության պահպանման համար մղված մարտերից առավել են, որն այդ ամենն իր մեջ ներառելով հանդերձ նաև և հատկապես հայի լինելիության և որ առավել կարևոր է, հանուն հայի արժանապատվության մղվող կռիվ էր և շրջադարձային ոչ միայն պետականությունն ու ինքնավարությունը  հազարամյա կործանումից  հառնեցնելու, այլ նախ և առաջ հայոց ինքնությունն ու հայու ընկեցիկ ոգին վերածնելու օրհասակռիվ: Հայոց պատմության անցքերից հատկապես 1918թ.-ի իրադարձություններից դասեր քաղելու ժամն է, չմոռանալով, որ հայոց ռազմի մարգարե Գարեգին Նժդեհն ասում էր.

Վայ այն ժողովրդին, որի համար իր պատմությունը մի գերեզման է անխոս:

Խոսի՛ր, Հայոց Հերոսամարտ, խոսի՛ր և կերտի՛ր վաղվա արժանապատիվ և ոգով անպարտ հային,  նոր հայոց ազատագրական օրհասամարտին պատրաստ նոր հային: Խոսի՛ր, լռելը դավաճանություն է: Խոսի՛ր, նոր սերունդը ունակ է լսելու և կարոտ քո խոսքին: Կեցցե՛ հայոց ոգին, և այդ ոգով կերտված հերոսամարտերն ու կեցցե՛ նոր Հայաստանը կերտող հայոց նոր սերունդը:

Գագիկ Գինոսյան