Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ հետ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա գործընկերոջս՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ կապված Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Գործընկերս ինձ տեղեկացրեց, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։ Մեկ անձ գրեթե անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում հիվանդանոցում, որի պատճառով հնարավոր չի եղել առանձնազրույց ունենալ նրա հետ:

Տիկին Լոմջարիան նշեց, որ կշարունակի ուշադրության ներքո պահել հարցը:

Պայմանավորվեցինք, որ որևէ խնդրի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպես Վրաստանի հանրային պաշտպանին, այնպես էլ ինձ:

Բարձր եմ գնահատում Վրաստանի իմ գործընկերոջ պատրաստակամությունը, նրա հետ համատեղ աշխատանքս ու շնորհակալ եմ արագ արձագանքի համար։»- գրել է Արման Թաթոյանը։