Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Վերաքննիչ դատարանն հրապարակեց Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորվելու մասին որոշումը: Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Վերաքննիչ ատյանի դատավոր Արմեն Դանիելյանն այդ բողոքները քննեց ի պաշտպանություն և ընդդեմ Քոչարյանի ընթացող բողոքի ակցիանների ներքո և անսպասելիորեն խորհրդակցական սենյակ հեռացավ հունիսի 20-ին: Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Դանիելյանը դիմել է Ոստիկանություն իր անվտանգությունն ապահովելու համար: Ավելի վաղ նման պահանջով Ոստիկանություն էր դիմել նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի որոշմամբ մայիսի 18-ին Ղարաբաղի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանը կալանքից ազատվեց, դատավորը անմիջապես կասեցրեց գործի վարույթը, այն ուղարկեց ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։