1890 Թ. ՀՈՒԼԻՍ, ԱԽԱԼՑԽԱ, ԱՆՈՒՇՅԱՆՑԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայ թուականից 6-7 տարի առաջ Հնդկաստանում մեռնող ռուսահպատակ Յովսէփ Անուսեանցի (Անուշեանի) կտակը գրաւած է արդէն տեղիս Հայ հասարակութեան ուշադրութիւնը: Յովսէփ Անուշեանցն, ինչպէս պաշտօնական հաստատութիւններից երևում է, բուն ախալցխացի է: Սրանից 60-65 տարի առաջ՝ Պօլսից վերադառնալով Ախալցխայ՝ իջևանել է իւր ազգական Յարութիւն Առաքելեան Անուշեանցի տանը, ուր մի քանի օր մնալուց յետոյ, իւր ազգականի ընտանիքին և ծանօթներին զանազան ընծաներ տալով, ճանապարհ է ընկել դէպի Պարսկաստան, և Պարսկաստանից անցել է Հնդկաստան: Բայց թէ Հնդկաստանում և կամ ուրիշ երկրներում ինչքան է մնացել, և ինչ գործով պարապած է եղել նա՝ յայտնի չէր, մինչև իւր կեանքի վերջին օրը: Թէև ժամանակ առ ժամանակ հանգուցեալի հայադաւան լինելու, տեղիս Անուշեանցի հետ ունեցած ազգակցական և կարողութեան մասին զանազան տեղեկութիւններ հաղորդում էին, այնու ամենայնիւ այդ բոլորը անհաւատալի մի բան էր թւում ամենքին: Բայց վերջին ժամանակներս Պօլսի ռուսաց ընդհանուր հիւպատոսի 1889 թուի ապրիլի 25-ին, ընդ № 371 Թիֆլիսի պ. նահանգապետի պաշշտօնակատարին ուղղած գրութեան հիման վրայ և վկաների օրինաւոր ցուցմունքով արդէն ստուգուեցաւ, որ յիրաւի Յարութիւն Անուշեանցն նոյն իսկ Յովսէփ Անուշեանի ազգականն է և որի վաւերական վկայաբանութիւնն ևս տեղիս ոստիկանութիւնն ուղարկեց Թիֆլիսի պ. նահանգապետին՝ Կ.Պօլսիի ռուսաց հիւպատոսին ուղարելու համար՝ նրա պահանջման համեմատ: Եւ ահա՛ ռուսաց հիպատոսն ևս Պօլսի թրքական բանկի գրութեան վրայ հիմնուած այսպէս է շեշտում իւր վերոյիշեալ գրութեան մէջ, որ նա՝ այսինքն, Յովսէփ Անուշեանցն սրանից 5-6 տարի առաջ Հնդկաստանում մեռնելով Լօնդօնի փոխարինական բարձրագոյն բանկում կտակով թողած է մեծաքանակ կարողութիւն:
Այս հարցով հետաքրքրուող վաճառականներից և հասկացողներից ոմանք, կարդալով այդ մասին օտարազգի լրագիրներում, հաւաստիացնում են, որ հանգուցեալ Անուշեանցի մեծաքանակ կարողութիւնը՝ անգլիական 19 միլիօն ստերլինգ է կշռում, որ ռուսաց դրամական արժէքի հաշուով 100 միլիօն րուբլի է անում: Պ. Յարութիւն Անուշեանցն առանձին պայմանագրով և վաւերական հաւատարմագրով յանձնեց տեղիս բնակիչ Եղիշէ վարժապետ Մեծատունեանցին և այս վերջինս իւր սեպհական ծախսով ամեն աշխատանք և օգտակար միջոց չպիտի խնայէ գործ դնել այս ահագին կարողութիւնը Ռուսիա փոխադրել տալու համար: Այժմս պ. Մեծատունեանը պատրաստւում է գնալ Կ.Պօլիս այնտեղի ռուսաց ընդհանուր հիւպատոսին ներկայանալու համար, և այնտեղից դէպի Հնդկաստան և Լօնդօն կ’ուղևորուի:

«Նոր Դար», 1890, № 99, 17 հուլիսի:
Արմեն Ասատրյան