Ջավախքում կնշվեն «Ջիվանական և տերյանական օրեր»-ը

Հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացնում է «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները:

Միջոցառմանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի պետական պաշտոնյաներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, թանգարանագետներ և տարբեր երկրներից ժամանած հյուրեր:

Միջոցառման շրջանակներում կատարումներով հանդես են գալու Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, հայտնի երգիչներ և պարային համույթներ։ Տեղի է ունենալու նաև աշուղական մրցույթը, որի նպատակն է վերականգնել հայկական մշակույթին բնորոշ այս ավանդույթը՝ նպաստելով աշուղական արվեստի արժևորմանն ու մեծարմանը:

Այցելուները հնարավորություն են ունենալու համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը և ջրհորի սառնորակ ջուրը: