«Ջիվանական և տերյանական օրեր» Ջավախքում

հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացրեց «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները:

Տոնակատարություններին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Կարեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ Ամիրյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդային Շրջանային ժողովի​ նախագահ Սմբատ Կյուրեղյան, Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, բազմաթիվ այլ հյուրեր Հայաստանից և Ռուսաստանից:

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը իր ելույթում նշեց, որ այս տարի լրանում է Ջիվանու տուն-թանգարանը հիմնադրած «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի 5-ամյակը, և նշեց, որ հիմնադրամը թեև անցել է կարճ ճանապարհ, սակայն այսօր ամենուր զգացվում է, որ Ջավախքում սպասված է: Ջիվանու տուն-թանգարանը դառնում է ազգային-կրթամշակութային կազմակերպություն, որի շուրջ նախատեսում ենք ստեղծել նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Հուլիսի 20-ին տոնական օրը սկսվեց գոհաբանական աղոթքի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում ձեռամբ Հոգեշնորհ​ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի: Աղոթքին հաջորդեց հարգանքի տուրքի և ծաղիկների խոնարհման արարողությունը Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան:

Շնորհիվ Երևանի Կոմիտասի անվան պետական​ կոնսերվատորիայի​ Գյումրու մասնաճյուղի Խմբի Կարզախի բարձունքներում թևածում էին աշուղական երգ ու տաղի անզուգական ելևէջներն ու ավանդական նվագարանային երաժշտության նվագները: Տեղի ունեցավ նաև շրջայց մեծանուն աշուղի տուն-թանգարանում, որտեղ ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու Ջիվանու թողած ժառանգությանը, ինչպես նաև համտեսելու աշուղի հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը:

Հյուրերը լուսանկարվեցին տուն-թանգարանի բացօթյա ցուցասրահում գործող ջիվանիական ֆոտոանկյունում:

Օրը նշանավորվեց Ջիվանու մեծարմանը նվիրված աշուղական մրցույթով Աշուղ Լեյլիի և Աստղանուշի մասնակցությամբ, որի նպատակն էր վերականգնել հայկական մշակույթին բնորոշ այս ավանդույթը՝ նպաստելով աշուղական արվեստի արժևորմանը:

«Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունների ընթացքում ելույթ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, «Կարին» ավանդական երգի և պարի համույթը և այլ խմբեր Ախալքալաքից և Նինոծմինդայից: