ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ

Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցան Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն գոհունակությամբ ընդգծեցին խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ հարթակի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորեցին նաև երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների անցկացումը:

Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին վիրահայ համայնքի կարևոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ երկու հարևան և բարեկամ ժողովուրդների ու պետությունների առավել մերձեցման գործում:

Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման առաջնահերթությունը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը գրառում կատարեց Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում: