Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ համակարգային ելույթով

Artsakhpress.am -ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում իր ելույթի ժամանակ ասել է, որ Համահայկական խաղերին ընդառաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք կազմակերպելու նպատակն է ուղերձ հղել հայությանը, անդրադարձ կատարել մի քանի կարևոր հարցերի:

«Խոսվում է այն մասին, թե 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը նոր իրողություններ է հաստատել ՀՀ-ում: Խոսվում է այն մասին, որ այս նոր իրողություններն իրենց ուղղակի ազդեցությունը պետք է ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա: Այսօր քննարկվում է, թե ինչպիսին պետք է լինի այդ ազդեցությունը: Դրա համար նախ պետք է գնահատել հեղափոխության էությունը: 2018 թվականի իրադարձությունները կոչվում էին ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Անվանումը խոսում է այն մասին, որ ինչպես պլանավորվել էր, այնպես էլ հեղափոխությունն իրականացվեց ոչ բռնությամբ: Հեղափոխությունը ցնցումներ չբերեց որևէ ոլորտում՝ սկսած բանկային համակարգից, վերջացրած տնտեսությամբ ու քաղաքականությունով»,- ասել է Ն. Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ ժողովրդական բառն ընդգծում է ժողովրդին, որը հանդես եկավ որպես հեղափոխության շահառու:

«Որ ժողովրդի մասին է խոսքը, արդյո՞ք խոսքը միայն Հայաստանի ժողովրդի մասին է: Այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ սահմանադրության նախաբանը»,-ասաց ՀՀ վարչապետը: Նա մեջ բերեց այդ հատվածը Սահմանադրությունից. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված Հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունն ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը՝ հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է ՀՀ սահմանադրությունը: Սահմանադրության նախաբանով արձանագրվում է, թե ով է ՀՀ-ի հիմնադիրը, ավելի արտահայտիչ՝ սեփականատերը: Արձանագրումը միանշանակ է՝ հայ ժողովուրդն է իրավատերը, իր ճակատագրի որոշողն ու պատասխանատուն: Սա մի գիտակցություն է, որը նստած է յուրաքանչյուր հայի մեջ»,- նշել է Ն. Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ 2018 թվականի հեղափոխությունը նաև դրա ապացույցն է: Զարգացումները չսահամանափակվեցին միայն Հայաստանով: Հեռավոր քաղաքներում ապրող հայերը հրապարակային միջոցառումներով, սոցիալական ցանցերում ակցիաներով ունեցած իրեն ներդրումը:

«Շատերը եկան Հայաստան և իրենց համայնքների ներկայությունն ապահովեցին Երևանում: Իսկ ինչպիսի՞ դեր է ունեցել Արցախը: Հազարավոր արցախցիներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխության գործընթացներին: Բավական է ասել, որ ամենաակատիվ դեմքերից մեկը Ազգային անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղարը, ով հաշվառված էր Արցախում, մասնակցել է որպես Արցախի հպարտ քաղաքացի»,-ավելացրել է Ն. Փաշինյանը:

Հավաքին հաջորդել է տոնական համերգը, որն ուղեկցվել է շքեղ ծրագրով: