«Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոն

2019թ. օգոստոսի 8-11-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ն կիրականացնեն «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնը:

Պլեներ-փառատոնի առաջին օրերին հայ և վրացի երիտասարդ նկարիչները Թբիլիսիից, Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Երևանից և Գյումրիից կայցելեն Ջավախքի տեսարժան վայրեր և պատմամշակութային կոթողներ (Աբուլ լեռ, Փարվանա լիճ, Թմբկա բերդ և այլն) կտավին կհանձնեն բալլադներում և բանաստեղծություններում ներկայացվող ջավախքյան չքնաղագեղ բնությունը, կմասնակցեն լավագույն վարպետների կողմից անցկացված վարպետության դասերին՝ ձեռք բերելով տեսական և գործնական խորը գիտելիքներ, կունենան արդյունավետ փորձի փոխանակում և կնպաստեն Ջավախքի մշակութային կոթողների և տեսարժան վայրերի ճանաչելիության բարձրացմանը:

Այնուհետև օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունում կկայանա «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնի ցուցահանդեսը, որի ընթացքում կպարգևատրվեն մրցույթի մասնակիցները և հաղթողները:

Ծրագրի կազմակերպմանը աջակցել են Ջավախքի երիտասարդ նկարիչների ասոցիացիան, Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունը և Սամցխե Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիան: