«Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսը Ախալցխայում (տեսանյութ)

Օգոստոսի 11-ին Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործողների միությունում տեղի ունեցավ «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսը, որը նախաձեռնել ու կազմակերպել էր «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի կողմից։ Մրցույթին մասնակցում էին հայ եւ վրացի թվով մոտ 30 երիտասարդ նկարիչներ Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Թիֆլիսից, Երեւանից ու Գյումրիից։

Թիֆլիսի, Երևանի և Գյումրիի երիտասարդ նկարիչները Ջավախքի երիտասարդ նկարիչների հետ միասին երեք օրերի ընթացքում այցելեցին Ջավախքի տեսարժան վայրեր և պատմամշակութային կոթողներ (Ախալցխայի Սբ․ Նշան, Աբուլ լեռ, Փարվանա լիճ, Թմբկա բերդ և այլն) եւ կտավին հանձնեցին իրենց տեսածը։

Նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի խոսքերով, ով երեք օրերի ընթացքում համակարգում էր սկսնակ նկարիչների աշխատանքը, երիտասարդները բաժանվել էին հինգ խմբերի տարբեր նկարիչ մասնագետների վերահսկման ներքո եւ այս օրերի ընթացքում հայ եւ վրաց երիտասարդները միասին ընկերանալով միմյանց հետ ջերմ միջավայրում նկարում էին Ջավախք աշխարհը իր բռնությամբ ու պատմամշակութային հուշարձաններով։

Նրանք նաեւ այս օրերի ընթացքում հնարավորություն ունեցան լավագույն վարպետների կողմից անցկացված վարպետության դասերը եւ խորհուրդները լսելու։

Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունում կայացած «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոն ցուցահանդեսը, որին Ախալցխայի հասարակության հետ միասին ներկա էին  բազմաթիվ հյուրեր Ջավախքի ու Հայաստանի տարբեր շրջաններից փաստեցին, որ նման միջոցառում կազմակերպելու պահանջարկը մեծ էր հենց Ախալցխայում, քանզի քաղաքը աշխարհին նվիրել է բազմաթիվ հայ մեծ նկարիչների:

Ցուցահանդեսի ավարտին երիտասարդ նկարիչները մեկ կտավի վրա միասին պատկերեցին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի դիմանկարը։