Վրացական հայտնի «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է «Կավկազ Պլյուս» լրատվական կայքի գործունեությունը

Վրացական հայտնի «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն ու անգլերեն հրապարակումներով հանդես եկող և հակահայկական քարոզչությամբ զբաղվող, տխրահռչակ «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքի գործունեությունը (որն, ի դեպ, ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը:

«MediaChecker»-ի մասնագետների համակողմանի մշտադիտարկման և ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել է հակահայկական ուղղվածության այդ հարթակի իրական դեմքն ու հետապնդած նպատակները։

Հարթակի ուսումնասիրության հայերեն թարգմանությունն անփոփոխ ներկայացնում ենք ստորև․

Հայատյաց տեքստերը «Կավկազ Պլյուս»-ում

«Կավկազ Պլյուս»-ը (ge.kavkazplus.com) առցանց հարթակ է, որը համակարգված կերպով հրապարակում է հակահայկական, այլատյացության համատեքստով և խտրական բովանդակությամբ տեքստեր՝ վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Եվ դրանց ճնշող մեծամասնությունը անհիմն են և մանիպուլյատիվ: «Կավկազ Պլյուս»-ի կողմից հրապարակված նյութերը տպավորություն են թողնում, որ հարթակը միտումնավոր է խտրական վերաբերմունք դրսևորում հայ ազգի նկատմամբ, նպաստում կարծրատիպերի ձևավորմանը և երկու ժողովուրդների (հայերի և վրացիների) միջև թշնամության սերմանմանը։

2016 թվականից առ այսօր «Կավկազ պլյուս» հարթակում տեղադրված են հայատյաց բովանդակությամբ հարյուրավոր նյութեր: Հարթակը բացահայտորեն նշում է, որ հատուկ նպատակ է հետապնդում և, ընդհանուր առմամբ, հայ ժողովրդի դեմ ոչինչ չունի և որ իր նպատակը միայն ազգայնականների դեմ պայքարելն է:

«Կավկազ Պլյուս»-ի հոդվածներից մեկում ասվում է. «Կավկազ Պլյուս»-ին ինչ-որ պատճառներով մեղադրում են Հայաստանի և հայերի մասին «կողմնակալ» գրելու մեջ: Բայց մեր հարթակը պայքարում է հայ ազգայնականության դեմ, պայքարում է հայ ազգայնականների կողմից անջատողականության և էթնիկ զտումների աջակցության, ինչպես նաև հարևան պետությունների նկատմամբ նրանց ապակառուցողական գործողությունների դեմ»:

🔎«Հայ ազգը` որպես սպառնալիք Վրաստանի տարածքային ամբողջականության համար»

Վերոնշյալ վերնագրով հոդվածում հարթակը միայն ենթադրությունների հիման վրա ընթերցողին վստահեցնում է, որ էթնիկ հայերը ցանկանում են գրավել վրացական տարածքները: Տարածում է կարծիք, իբր նրանք «աչք են դրել» վրացական հողերի վրա, փորձում են յուրացնել Սամցխե-Ջավախեթին, ինչպես նաև ուզում են «գրավել» Բաթումին և վրացական այլ առողջարանային քաղաքներ:

«Նրանց (էթնիկ հայերի) ծրագրերում է Ռուսաստանի ձեռքով Վրաստանի ոչնչացումը և մասնատումը, որպեսզի Ռուսաստանի օգնությամբ գրավեն Սամցխե-Ջավախեթին և, հնարավորության չափով, «միջանցք անցկացնեն դեպի ծով», — կարդում ենք «Կավկազ Պլյուս»-ի հոդվածում:

🔎Այն բանից հետո, երբ 2019-ի ապրիլին վրաց-ադրբեջանական սահմանային հատվածում Դավիթ-Գարեջիի վանական համալիրի խնդիրը սրվեց, հրատարակությունը սկսեց պնդել, որ հայերը ցանկանում են գրավել Դավիթ-Գարեջին: Մայիսի 29-ին հրապարակված «Հայ գրություններ և հայկական պահանջներ Դավիթ Գարեջիի նկատմամբ» հոդվածում ասվում է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև հակամարտությունը շատ «ձեռնտու» է էթնիկ հայերին և նրանք փորձում են արհեստականորեն թշնամություն սերմանել երկու երկրների միջև:

Նույն հոդվածում «Կավկազ Պլյուս»-ը զարգացնում է այն կարծիքը, որ Ռուսաստանին և Վրաստանին իրար «կռվացնելը» «հայ եղբայրների» մեղքն է:

«Հայ եղբայրները շատ են ցանկանում, որ սկանդալ առաջանա, հիշեցնենք, որ իրենց մոտ ստացվել է ոչ միայն կռվացնել Վրաստանին և Ռուսաստանին, այլ նաև ռուսական բանակի ձեռքով գրավել Վրաստանի լավագույն մասերից մեկը՝ Աբխազիան: Իրենց «եղբայրությունն ու բարեկամությունը» վրացիների և Վրաստանի հանդեպ լավ են դրսևորել Բաղրամյան գումարտակի հայ գրոհայինները»:

🔎Հրատարակությունը հաճախ շահարկում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների գրավման հարցը: «Կավկազ Պլյուս»-ն ընթերցողներին վստահեցնում է, որ Աբխազիայում էթնիկ հայերը «մեծամասնություն են կազմում և վերահսկում են գրավյալ տարածքի ողջ տնտեսությունը և բնակվում են նրանց կողմից սպանված վրացիների տներում և, ամենակարևորը, թույլ չեն տալիս ոչ միայն վրացի փախստականներին, այլև վրաց քահանաներին մուտք գործել վրացական եկեղեցիներ և վանքեր», — ասվում է հոդվածում, սակայն անհասկանալի է մնում, թե ի՞նչ աղբյուրների վրա է հիմնվում հեղինակը և ի՞նչն է նրան թույլ տալիս նման հայտարարություններ անել։

🔎«Կրոնով մանիպուլյացիա և փաստերի աղավաղում»

Հրապարակումը հաճախ շահարկում է կրոնական խնդիրները և խրախուսում է թշնամանք էթնիկ հայերի նկատմամբ: Հուլիսի 4-ին հարթակը հրապարակեց հոդված կեղծ լուսանկարով, որում նշվում է, որ հայերը նվաճել են վրացական եկեղեցի և այն վերածել խոտամբարի: Տեղեկատվության աղբյուրը ռուսաստանյան infoteka24.ru կայքն է, որն իր հերթին հղում է կատարում TV Travel-ի տեսանյութի վրա:

🔎Այս հոդվածը բացառություն չէ: Միայն անձնական կարծիքների և «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան գրառման վրա է հենվում հոդվածը, որի համաձայն Ախալցխայի մարզամշակութային կենտրոնը նախապատրաստում է այն «գրոհայիններին», որոնք հայերը պատրաստում են վրացական սրբավայրերը գրավելու համար։

«Աղասի Արաբյանը ուղղակիորեն կոչ է անում հայ ծայրահեղականներին գալ Վրաստան և նվաճել վրացական եկեղեցիները: Այս ֆոնի վրա հասկանալի է, թե ինչի համար է հարկավոր հայ ազգայնականներին ու անջատողականներին Ախալցխայում «մարզամշակութային կենտրոն» ունենալը: Պատասխանը պարզ է, որպեսզի գրոհայինների նախապատրաստեն՝ վրացական սրբավայրերը նվաճելու համար»։ Գրառումը իսկապես հրապարակվել է, սակայն վրացական եկեղեցու նվաճման կոչ տեքստում չկա:

Հրապարակումը ընթերցողին վստահեցնում է, որ հայերը ժամանակին արդեն փորձել են նվաճել վրացական տաճարը և վկայակոչում է 2017-ին Կումուրդոյի իրադարձությունները, սակայն խեղաթյուրելով փաստերը.

«2017-ի սեպտեմբերին նման փորձ արդեն արվել է։ Այդ ժամանակ հայ ծայրահեղականները փորձել են գրավել Կումուրդոյի վրացական տաճարը և քարեր են նետել վրացական ոստիկանության վրա», — գրում է «Կավկազ Պլյուս»-ը:

Իրականում, Կումուրդո գյուղում տեղացիների և ոստիկանության միջև դիմակայության պատճառը ոչ թե տաճարի նվաճումն էր, այլ տաճարի բակում խաչքարի տեղադրումը: Ոստիկանությունը Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու ծխականներին թույլ չէր տվել այն կանգնեցնել:

Միայն այդ հոդվածում չէ, որ խոսվում է էթնիկ հայերի կողմից վրացական տաճարների «գրավման» մասին: Հրապարակումը ընթերցողներին «հիշեցնում» է, որ հայ ազգայնականները պաշտոնական պահանջներ են ներկայացրել Վրաստանի 465 վրացական եկեղեցիների նկատմամբ: Այնուամենայնիվ, այս դեպքում էլ անհայտ է, թե ինչի վրա է հենվում հեղինակը դա գրելիս: Փաստերի, ապացույցների և փաստարկների պակասն այս հարթակի ոճն է:

🔎«Հայկական կապը երկրում ընթացող զարգացումների հետ»

Երկրում առկա բացասական զարգացումները հարթակը փորձում է ուղղակիորեն կապել էթնիկ հայերի հետ: Օրինակ, Վրաստանում հունիսի 21-ի բողոքի ցույցի ցրման, հետագա զարգացումների և նույնիսկ Ռուսաստանի կողմից թռիչքների արգելքի մասին որոշման մեջ, «Կավկազ Պլյուս»-ը «տեսնում է» Հայաստանի շահերը: Հուլիսի 5-ին «Ռուսաստանի և Վրաստանի միջև նոր պատերազմ հրահրելու հայկական պլանների ձախողումը» իր հոդվածում, հարթակը գրում է, որ «հայ սադրիչների համար իդեալական իրավիճակ կլիներ, եթե հունիսի 20-21-ին Թբիլիսիում տեղի ունենար պետական հեղաշրջում», ինչը չհաջողվեց:

🔎Հարթակը Նույն դատողություներն է տարածում «Ինչու է Հայաստանն ուղարկել իր գրոհայիններին Վրաստանի խորհրդարանի մոտ» հոդվածում։ Տեքստի համաձայն, հունիսի 20-21-ը խորհրդարանի վրա հարձակումը եղել է կազմակերպված, և որ հարձակվողների միջև կային հայ «գրոհայիններ»: Հատկանշական է, որ հարթակը որպես աղբյուր մեջբերում է «Իմեդի» հեռուստաընկերության «Քրոնիկա» ծրագրի կադրերը, սակայն այդ կադրերը չեն ապացուցում, որ ցուցարարների թվում «հայ գրոհայիններ» են եղել։ Ոչ էլ «Իմեդին» է նման ակնարկներ անում: Նույն հոդվածը կարծիք է տարածում, որ «Փաշինյանի Հայաստանն ուղղակիորեն ներգրավված է վրացական խորհրդարանը գրավելու փորձի մեջ»: Ինչպես և մյուս դեպքերում, հոդվածն անհիմն է և չի երևում, թե ինչի վրա է հենվում հեղինակը այդ կարծիքը տարածելիս:

🔎«Չփաստարկված զուգահեռներ և ռուսական հարթակներ՝ որպես տեղեկատվության աղբյուր»

«Փաշինյանը մինչև 2050 թվականը վրացական հողերի նվաճո՞ւմ է պլանավորում»: Օգոստոսի 7-ին «Կավկազ Պլյուսի»-ն այսպիսի վերնագրով հոդված է հրապարակում, որում հեղինակը պնդում է, որ ՀՀ վարչապետը նախատեսում է մինչև 2050 թվականը ավելացնել Հայաստանի բնակչության թիվը մինչև 5 միլիոն՝ վրացական տարածքների յուրացման հաշվին: Հեղինակը ենթադրում է, որ հաշվի առնելով Հայաստանում ծննդաբերության ցածր մակարդակը, բնակչության աճն անիրատեսական է և գրում է.

«Արդյունքում, եզրակացնում ենք, որ նախատեսվում է ավելացնել Հայաստանի բնակչության և զբոսաշրջիկների թիվը` Հայաստանին միացնելով օտար տարածքներ, որոնք նպաստավոր կլինեն ապրելու համար և զբոսաշրջության ներուժի առումով: Ինչ տարածքներ են դրանք, դժվար չէ կռահել: Հաշվի առնելով, որ հայ ազգայնականները համարում են, որ ոչ միայն «Արցախը», այսինքն Ադրբեջանի Ղարաբաղը «Հայաստան» է, այլ նաև Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանը, իսկ այնտեղից արդեն հեռու չեն Աջարիայի և Սև ծով «միջանցքի» պահանջները», — դատում է հեղինակը։

🔎Նման չփաստարկված, անհիմն նկատառումներ միայն այս հոդվածում չէ, որ հանդիպում ենք։ Այլ նյութերում (որոնք ծառայում են հայերի նկատմամբ խտրականությանը) հեղինակը հաճախ իր իսկ հարցերին ինքն է հաստատակամ պատասխաններ տալիս։ Ամեն մի հոդվածում փաստերի, ապացույցների և փաստարկների փոխարեն օգտագործվում են «պարզ է», «ակնհայտ է», «ճշմարիտ է», «իսկապես այդպես է», «անիրատեսական է», «հնարավոր է», «պարզվում է, որ…», «փաստ է», «պարզվում է» և այլ արտահայտություններ, որոնցով հեղինակը փորձում է ենթադրությունները ներկայացնել որպես փաստեր:

🔎Բացի այդ, «Կավկազ Պլյուս»-ն իր հոդվածներում հաճախ մեջբերում է այնպիսի հարթակների, ինչպիսիք են ռուսական քարոզչամիջոցներ Sputnik-ը, ռուսալեզու կայքեր pikabu.ru-ն, regnum.ru-ն, infoteka24.ru-ն, aif.ru-ն և այլն:

🔎«Կավկազ Պլյուս»-ում հրապարակված նյութերը՝ իրադարձությունների սխալ մեկնաբանումներով, փաստերի աղավաղումով, մանիպուլյացիաներով և անհիմն զուգահեռներով, այն տպավորությունն են թողնում, որ հարթակի նպատակը էթնիկ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք և այլատյացության հրահրելն է:

🔎«Կավկազ Պլյուս»-ի մասին

Հոդվածների հեղինակները սովորաբար չեն նշվում: Կայքում ոչ մի տեղեկատվություն չկա խմբագրական թիմի վերաբերյալ: Անհայտ է նաև, թե ով է կայքի սեփականատերը: Ավելին, կայքում նույնիսկ կոնտակտային տվյալներ չկան: Դոմեյնի տիրոջ մասին տեղեկատվությունը նույնպես փակ է: Հնարավոր էր պարզել միայն այն, որ դոմեյնը գրանցված է Ուկրաինայում: