Ջավախքից Երեւան տանող ճանապարհները անմխիթար վիճակում են

Ջավախքից Երեւան մեկնելիս վարորդները ու ուղեւորները ամեն անգամ բազմաթիվ դժվարությունների հետ են բախվում, որոնք վերաբերվում են հիմնականում անմխիթար ճանապարհներին։ Տվյալ խնդիրը ոչ միայն Վրաստանի ճանապարհների հետ է կախված այլ նաեւ Հայաստանի։ Ախալքալաքից մինչեւ Նինոծմինդայի շրջանի Առելովկա գյուղ ճանապարհին կարելի է հանդիպել բազմաթիվ հսկայական փոսերի, որոնք առաջացել են ժամանակի ընթացքում անորակ ասֆալտի եւ եղանակային պայմանների պատճառով։ Առելովկաից մինչեւ Վրաստանի սահման նոր ասֆալտապատ ճանապարհ է։ Այսինքն ասֆալտապատման եւ ճանապարհի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են Վրաստանի սահմանից եւ այժմ հասել մինչեւ Առելովկա։

Հայաստանի սահմանը հատելիս երեւում է, որ այնտեղ հին ասֆալտն է, որի փոսերը կարկատվել են նոր ասֆալտով։ Իրավիճակը փոխվում է «Ղոչ աղբյուր» կոչվող ճանապարհահատվածի մոտ, որտեղ ընդամենը մի քանի կիլոմետրի վրա նոր ասֆալտ է։

Դրանից հետո մինչեւ Գյումրի կրկին կարկատված ասֆալտ է: Գյումրիի կենտրոնական փողոցները այս պահի դրությամբ ասֆալտապատվում են, իսկ որոշ հատվածներում դրանք արդեն իսկ ավարտվել են։

Սակայն իսկական տանջանքները սկսվում են Գյումրիից Երեւան տանող ավտոմայրուղու վրա, որտեղ ճանապարհները եւս կարկատված են ու բացի դրանից նրանց ողջ երկայնքով կարելի է տեսնել  ճանապարհային նշաններ որոնց վրա սահմանված է երթեւեկել 50կմ-ից ոչ արագ։

«Արդեն մի քանի տարի է ինչ ընթանում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը, սակայն այն այնքան դանդաղ է, որ այս ժամանակավոր ճանապարհի վրա առաջացել են նոր փոսեր։ Սակայն դա էլ այդքան մեծ խնդիր չէ, որքան ճանապարհի ամբողջ երկայնքով ամեն 300 մետրի վրա տեղադրված ճանապարհային նշաններն, որոնց վրա գրված է մեկ 50կմ մեկ 30կմ․։ Դա արված է իբր աշխատանքների պատճառով, սակայն ճանապարհի մեծ մասի վրա կենդանի աշխատանքներ չեն տարվում։ Ճանապարհային ոստիկանությունն էլ թաքնվելով անընդհատ տուգանում է վարորդներին, որոնք երթեւեկում են 50կմ սահմանված արագությունից ավել»,-ասում է Երեւան-Նինոծմինդա գծի վրա աշխատող տաքսու վարորդը։