Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը մասնակցեց Կրոնի գործակալության միջկրոնական հանդիպմանը

նոյեմբերի 11-ին Վրաստանի կառավարության վարչությունում տեղի ունեցավ Կրոնի հարցերով պետական գործակալության միջկրոնական խորհրդի հանդիպումը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի հետ: Հանդիպմանը ներկա էին Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Վիրահայոց թեմը ներկայացնում էր առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ սարկավագ Գիորգի Աբրամյանի ուղեկցությամբ:

Ներկաներին ողջունեց Կրոնի գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Վերջինս ծանոթացրեց Վրաստանում երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից անցկացված միջոցառումներին և ընդգծեց, որ կրոնի գործակալությունը վերստին կկատարի միջնորդի դեր կրոնական կազմակերպությունների և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև, ինչը կնպաստի Վրաստանում երեխաների իրավունքների առավելագույն պաշտպանությանը:

Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ղասան Խալիլը նշեց, որ հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան բոլոր կրոնական կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք ընդգրկված լինեն երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացին:

Կրոնական կազմակերպությունների ղեկավարները արտահայտեցին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցության ցանկություն և նշեցին այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են երեխաների աղքատությունը, կրթությունը, դաստիարակությունը և այլն, և շնորհակալություն հայտնեցին Կրոնի գործակալությանը այս հիմնախնդիրները միջկրոնական հարաբերությունների հարթակ փոխադրելու համար:

Հանդիպումը ամփոփիչ խոսքով եզրափակեց Կրոնի գործակալության նախագահը:

 

Աղբյուր ` armenianchurch.ge