Ջավախքում կառուցվում են կազինոներ, ստվերային հասարակաց տներ՝ թուրք հաճախորդներով, սա պետք է օրակարգային հարց դառնա, իսկ հայերի՝ քաղաքական գործընթաներին մասնակցելը ոգևորիչ է. Շիրակ Թորոսյան (տեսանյութ)

Թերթ․am-Վրաստանի խորհրդարանում ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են, երեկ ոստիկանությունը ուժ է կիրառել և ցրել է ցույցը: Ընդդիմությունը պահանջելում է արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։ Համամասնական ընտրակարգին անցնելուն դեմ է քվեարկել երեք պատգամավոր, այդ թվում Ջավախքից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը: Այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծնունդով ջավախքցի Շիրակ Թորոսյանի հետ:

ԱԺ պատգամավորի կարծիքով՝ նախ պետք է հասկանալ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ այդ ընդվզումն ագրեսիվ փոքրամասնությա՞ն, թե՞ հասարակական լայն շերտի պահանջն է:

Պատգամավորը հիշեցրեց, որ իշխող քաղաքական ուժի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին խոսել է այդ մասին և ասել, որ մեծ ցավ է  ապրում, որ պատգամավորների մեծ մասը շեղվեց այդ ուղղուց ու չքվեարկեց ըստ պատշաճ կարգի և նորից սկսվեցին ցույցերը:

«Հիմա այստեղ կարևոր խնդիրը որն է. փորձում ենք հասկանալ, սա ագրեսիվ փոքրամասնության ընդվզո՞ւմն է, թե՞ հասարակական մեծ պահանջ կա 100 տոկոս համամասնական ընտրակարգի հետ կապված, որովհետև որքան հասկանում ենք, իշխանությունները վճռական են տրամադրված, որ քանզի այդ նախագիծը ձախողվել է, ապա 2020 թվականի խորհրդարանական ընկերություններում Վրաստանը կգնա համամասնական և մեծամասնական ընտրակարգերով և իրենց խնդիրն է լինելու ապահովել ժողովրդավարական ընտրությունների անցկացումը,համենայնդեպս այդպես հայտարարեցին և՛ երկրի նախագահը, և՛ Իվանիշվիլին: Իմ կարծիքով՝ այս պահին Վրաստանում բնականոն հունով կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմության առաջնորդում է Սաակաշվիլիի «Ազգային շարժում»–ը, և պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ուժին միշտ անուղղակիորեն սատարել են ադրբեջանական և թուրքական ընկերությունները:

Դիտարկմանը, թե Վրաստանի գործող իշխանությունն էլ է աջակցում թուրքական և ադրբեջանական ընկերություններին, և այնպես չէ, որ այդ նույն իշխանությունն օրինակ հայերին արգելում է ներդրումներ անել Վրաստանում, Շիրակ Թորոսյանն ասաց, որ դա այդպես է, և հարց է, թե ինչպես են հասել այդ իրավիճակին։

«Հասել ենք այն տխուր տասը տարիների ընթացքում, երբ թուրքերն ու ադրբեջանցիներինը հնարավորություն ունեցան այնպես իրենց ցանցը ստեղծել, որից դուրս գալը մեծ խնդիր է Վրաստանի իշխանությունների համար: Ներդրումների հետ խնդիրներ ունենք: Ի՞նչ է արվում այնտեղ, օրինակ՝ Ջավախքում կազինոներ են կառուցվում, որի փոխարեն կարող էին վերամշակող ձեռնարկություններ կառուցել, մեզ հասած տեղեկություններով ստվերային հասարակաց տներ կան, և այս խաղատների, ստվերային հասարակաց տների հաճախորդները հարևան շրջանների թուրքերն են, սեփականատերերն, աստված գիտի, ովքեր են, կարող են և՛ տեղացի հայեր լինել, և՛ ցանկացածը: Այ, եթե իշխանությունը չասի՝ գործարար, արի քեզ խաղատուն կառուցելու հնարավորություն եմ տալիս, այլ ասի՝ արի, ձեռնարկության հնարավորություն եմ տալիս, գործարարն այնտեղ կդնի փողերը, ի՞նչ տարբերություն։ Այստեղ կարևոր է պետական քաղաքականությունը և այստեղ ես մեղադրում եմ Վրաստանի իշխանությանը, սրանք պետք է դարձնել օրակարգային հարց»,– ասաց նա:

Անդրադառնալով Վրաստանում բողոքի ակցիաներին հայերի մասնակցությանը՝ Շիրակ Թորոսյանն ասաց, որ ոգևորիչ է, որ հայերը, որոնք Վրաստանի քաղաքացիներ են մասնակցում են Վրաստանի ներքին քաղաքական գործընթացներին:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի դեմ քվեին ու մյուս պատգամավորների ձեռնպահ մնալուն, Շիրակ Թորոսյանն ասաց, որ դրանք մեծ հաշվով նույնն են, որովհետև երկու դեպքում էլ ընտրությունը կարող է ձախողվել:

Խոսելով պատգամավորների հրապարակային ելույթ չունենալու մասին՝ Շիրակ Թորոսյանն ասաց, որ չի եղել դեպք կամ գրեթե չի եղել դեպք, որ Վրաստանի խորհրդարանի ամբիոնից հոգացավ ելույթ հնչի Ջավախքի խնդիրների վերաբերյալ,սակայն բազմաթիվ այլ տարբերակներով բազմաթիվ խնդիրներ լուծվել են. «Ընտրվել են նրանք, ես չեմ ուզում քննարկել մի բան, որը վերաբերում է ջավախքցու քվեին»:

 

Աղբյուր՝tert.am