Բաքու-Թբիլիսի–Կարս երկաթուղին ձեռնտու չէ Վրաստանին

Yerkir.am-Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի շինարարությունը դեռևս չի ավարտվել, պարզվում է՝ ձեռնտու չէ Վրաստանին: Համենայն դեպս, նման եզրակացության են հանգել Վրաստանի Տրանսպորտային միջանցքների հետազոտական կենտրոնի փորձագետները. ըստ yerkir.am-ի՝ գրում է Regnum-ը:

Ըստ նրանց՝ Վրաստանի համար երկաթուղու շինարարությունը ձգձգվող, ֆինանսական ցածր վերադարձով և սեփական ռազմավարական շահերի զիջման հաշվին իրականացվող նախագիծ է: Վրացի փորձագետների կարծիքով՝ նախագծի իրականացման ձգձգման 3 պատճառ կա: Առաջինը համաշխարհային շուկայում նավթի գների անկումն է, որը սկսվել է 2007-ից. նախագիծը ֆինանսավորում է Ադրբեջանի նավթային հիմնադրամը: Երկրորդ պատճառը զուտ տեխնիկական է. ճանապարհը պետք է անցներ Վրաստանի և Թուրքիայի միջև կառուցվող թունելով, սակայն դրա շինարարության ժամանակ պարզվել է, որ այն սողանքային գոտում է, և նախագծում հարկ եղավ փոփոխություններ անել: Փորձագետների կարծիքով՝ շինարարության ձգձգման գործում մեղքի որոշակի բաժին ունեն նաև Վրաստանի քաղաքական ղեկավարության հայտարարությունները նոր ճանապարհի նպատակահարմարության վերաբերյալ և մտահոգությունը, որ երկաթուղով կտեղափոխվեն Ադրբեջանից եկող այն բեռները, որոնք ներկայումս տեղափոխվում են վրացական նավահանգիստներով:

Ըստ նախագծի՝ շահագործման առաջին փուլում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով նախատեսվում էր մինչև 5 մլն տոննա բեռի փոխադրում, սակայն մասնակի բացվելուց 2 տարի անց դրանով տեղափոխվել է ընդամենը 0,2 մլն տոննա բեռ, այսինքն՝ իրացվել է հզորության ընդամենը 2-3 տոկոսը:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը սկսվել է 2008-ին, և Միխեիլ Սահակաշվիլիի կառավարությունը զուր էր իրեն վերագրում այդ «նվաճումը», քանի որ դրա վերաբերյալ քննարկումները սկսվել էին Էդուարդ Շևարդնաձեի իշխանության օրոք, և առաջին հռչակագիրն ընդունվել էր 1996-ին: 2005-ին կնքվեց նոր համաձայնագիր, քանի որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն հրաժարվեցին ֆինանսավորել նախագիծը, դա ամբողջությամբ իրենց վրա վերցրեցին Ադրբեջանն ու Թուրքիան: Ադրբեջանը Վրաստանին երկարաժամկետ վարկ տրամադրեց՝ 25 տարով, երկրի տարածքում արդեն գործող երկաթուղու վերանորոգման և  մնացած ենթակառուցվածքի շինարարության համար:

Նախատեսվում էր երկաթուղին շահագործման հանձնել 2011-ին, սակայն քանի որ շինարարությունը տարբեր պատճառներով մի քանի անգամ դադարեցվեց, շահագործման հանձնելը նախ հետաձգվեց մինչև 2014-ը, հետո՝ մինչև 2015-ի վերջը, ապա հայտարարվեց, որ նոր երկաթուղին կբացվի 2016-ին, բայց դեռևս անավարտ ճանապարհի բացման արարողությունն իրականացվեց 2017-ի վերջին:

Շինարարությունը նախաձեռնողները հույս ունեին, որ բեռներ կներգրավվեն Կենտրոնական Ասիայից, առաջին հերթին՝ Չինաստանից, և հայտարարեցին, Ռուսաստանը շրջանցող նոր ճանապարհի մասին: Սակայն վերջին ժամանակահատվածում Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ակտիվորեն են հայտարարում Ռուսաստանին ոչ միայն  բեռնափոխադրումների, այլև նավթագազային խողովակաշարերում ներգրավելու մասին: Իսկ Վրաստանի ղեկավարությունը, չնայած Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին, այդ առիթով առանձնապես չի դժգոհում: