Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Վրաստան այցի ամբողջական նկարագիրը

Հունվարի 31-ից փետրվարի 5-ը ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ տվյալ գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը գտնվում էին Վրաստանում։ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գործուղումը Վրաստան տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Փետրվարի 1-ից 3-ը Զարեհ Սինանյանը Թբիլիսիում տարբեր տեսակի հանդիպումներ է ունեցել ինչպես Վրաստանի իշխանությունների այնպես էլ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Փետրվարի 1-ին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ այցելել է Սբ․ Գևորգ եկեղեցի։  Սբ․ Գևորգ եկեղեցում Զարեհ Սինանյանին ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը։ Եկեղեցուց Սինանյանը ուղեւորվել է Թբիլիսիում գործող Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոն, որտեղ ծանոթացել է կենտրոնի գործունեությանը։

Հյուրերը նաեւ այցելել են Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ, Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն եւ «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տունը։ (aliq.ge)

Փետրվարի 3-ին Զարեհ Սինանյանը Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի քաղաքացիական հավասարության և հաշտեցման հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հետ, ինչպես նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Նույն օրը սփյուռքի գլխավոր հանձնակատարը այցելել է Թբիլիսիի թիվ104 հայկական դպրոց եւ Թբիլիսիի թիվ103 հայ-վրացական դպրոց։

ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել է նաեւ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի և եկեղեցուն կից «Հայարտուն» կրթամշակութային կենտրոն, որտեղ կայացել է նրա հանդիպումը Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թբիլիսիի հայ համայնքը հնարավորություն է ունեցել հանդիպման ժամանակ բարձրացնել իրեն հուզող հարցերը։

Հաջորդ օրը՝ փետրվարի 4-ին ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ այցելեց Ախալցխա։ Առաջին ընդունելությունը Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու մոտ էր, որտեղ կողմերը քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպմանը քննարկվել են ջավախքահայությանը հուզող խնդիրներ եւ նահանգին առնչվող բազմաթիվ հարցեր, նախանշվել հետագա համագործակցության մի շարք ծրագրեր։

Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանում Ախալցխան ներկայացնող պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն և այլք։

Նահանգապետարանից Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոց, որտեղ հանդիպեց դպրոցի տնօրինությանը եւ աշակերտներին։

Հաջորդ այցը Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էր, որտեղ պատվիրակության անդամները հանդիպեցին հոգեւորականներին եւ եկեղեցու հավատացյալներին։ Հյուրերը այցելեցին նաեւ եկեղեցուն կից գործող կրթամշակութային կենտրոն։

Եկեղեցուց հյուրերը ուղեւորվեցին Ախալցխայի քաղաքապետարան, որտեղ հանդիպեցին Ախալցխայի շրջանի հայության հետ։ Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայացրեց իր այցելության նպատակը եւ հետագա ծրագրերը։ Ժողովուրդը հնարավորություն ունեցավ բարձրաձայնելու մի շարք խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն Ախալցխայում եւ Սամցխե-Ջավախքի նահանգում։ Մասնավորապես խոսեց կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական, իրավական եւ այլ տեսակի խնդիրների մասին։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց կրթական խնդիրներին, մասնավորապես նշելով, որ հայկական դպրոցներում խիստ պակաս կա այբենարանների ու հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի։ Նա նաեւ նշեց, որ կարիք կա ուսուցիչների որակավորման բարձրացման։ Դրանից բացի հայոց լեզվի ուսուցիչները ի տարբերություն մնացած առարկաների ուսուցիչների չունեն հնարավորություն հանձնել հատուկ քննություն եւ ստանալ ավագ ուսուցչի կարգավիճակ, որը ենթադրում է աշխատավարձի զգալի ավելացում։

Էդուարդ Այվազյանը նաեւ տեղեկացրեց հյուրերին, որ թուրքական կողմը իրենց դեսպանների եւ սահմանակից մարզերի մարզպետների միջոցով հաճախ այցելություններ է կազմակերպում Սամցխե-Ջավախք տարածաշրջան ու հույս հայտնեց, որ Հայաստանի սահմանակից մարզպետները եւս ակտիվություն կցուցաբերեն եւ հաճախակի կայցելեն Սամցխե-Ջավախք, որպեսզի սահմանակից շրջանների միջեւ ձեւավորվեն ակտիվ կապեր եւ համագործակցություն։

Ախալցխայի Սազել գյուղի բնակիչներից մեկը քաղաքապետի եւ խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Գիորգի Կոպաձեի ներկայությամբ հյուրերին տեղեկացրեց, որ իրենց գյուղում գործող «հայկական» կոչվող մանկապարտեզում ընդհանրապես հայերեն չեն դասավանդում ու երեխաների միջոցառումները անցկացվում են միայն վրացերեն լեզվով։ «Իմ երեխային միջոցառման պատրաստվելու համար հինգ բանաստեղծություն էին տվել սովորելու եւ հինգն էլ վրացերեն լեզվով»,-հուզվելով պատմեց Սազել գյուղի բնակիչը։ (Նույն խնդիրն է հանդիպում նաեւ Սուխլիս եւ Պամաճ գյուղերում)

Հանդիպման մեկ այլ մասնակիցը բողոքեց, որ հայկական դպրոցներում ընդհանրապես Հայոց պատմություն առարկան չի դասավանդվում եւ խնդրեց Զարեհ Սինանյանին ու դեսպանին օգնել այս խնդրի լուծման գործում։ Խոսք եղավ հայկական ուսման եւ երկքաղաքացիության շուրջ առաջացող խնդիրների մասին։

Ախալցխայում անցած տարի իշխանությունների կողմից հայկական դպրոցում փակված բռնցկամարտի սրահի մարզիչ Գեւորգ Շուշանյանը պատգամավոր Գիորգի Կոպաձեից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ արմատներով ախալցխացի Էդուադ Էնֆիաջանին, ով շատ ջերմ հարաբերություններ է ունեցել պատգամավորի հետ, արգելում են մուտք գործել Վրաստան, երբ նա ոչ մի վատ բան չի արել այս երկրի նկատմամբ։ Ի պատասխան Գիորգի Կոպաձեն պատասխանեց, որ նա ծանոթ է խնդրին եւ հետաքրքրվել է թեմայով ու պարզել, որ դա Վրաստանի անվտանգության ծառայության որոշումն է։

 

Հարկ է նշել, որ Զարեհ Սինանյանի հանդիպումը հասարակության հետ կազմակերպել էր Ախալցխայի քաղաքապետարանը, որին հրավիրվել էին միայն ու միայն գյուղերի բնակիչները, իսկ քաղաքի հայ ազգաբնակչությունը տվյալ հանդիպմանը լիովին անտեսված էր ու այդ իսկ պատճառով գրեթե չեր ներկայացված այնտեղ։

Զարեհ Սինանյանի հաջորդ կանգառը Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնն էր, որտեղ նրան դիմավորեցին ավանդական աղ ու հացով։  Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնում հյուրերը ծանոթացան մի շարք լրացուցիչ խնդիրների, որոնք հուզում են ինչպես Ախալցխայի հայությանը այնպես էլ Սամցխե-Ջավախքի հայությանը։ Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը սփյուռքի գլխավոր հանձնակատարին ծանոթացրեց կենտրոնի գործունեությանը նշելով, որ այն ոչ միայն տեղեկատվական է այլ նաեւ հասարակական, իսկ վերլուծական աշխատանքը ուղղված է հայ-վրացական հարաբերությունները ամրապնդելուն, ինչպես նաեւ Սամցխե-Ջավախքի հայության խնդիրների լուծումը գտնելու մեխանիզմներ մշակելուն, ինչը օգտակար կլինի Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին ջավախքահայության խնդիրների լուծման գործում։

Նա նաեւ նշեց, որ բազմաթիվ խնդիրներ իրենց լուծումը կգտնեն այն ժամանակ, երբ հայ-վրացական հարաբերությունները դադարեն լինել լոկ եղբայրական ու բարեդրացիական եւ դառնան ռազմավարական։ Վերլուծական կենտրոնում Զարեհ Սինանյանի ուշադրությունը հրավիրվեց մի շարք կարեւոր խնդիրների վրա, որոնցից էր օրինակ՝ Ախալցխայի հայկական դպրոցում բռնցկամարտի սրահի փակումը, Վրաստան մուտքերի արգելքի խտրական ու ամոթալի ցուցակի առկայությունը եւ այլ հարցեր։

Հանդիպմանը առաջարկ եղավ ներգրավել հայկական սփյուռքի գործարարներին այս տարածաշրջանում տնտեսական կյանքը աշխուժացնելու համար։ Զարեհ Սինանյանը իր հերթին նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի բիզնեսը այս շրջանում ակտիվանա։

Էդուարդ Այվազյանը հանդիպմանը ներկայացրեց անցած տարի հունիսին ԱՄՆ-ում Սփյուռքի Միասնության Հարթակի կողմից նախաձեռնած թելեթոն դրամահավաքի մասով տարվող աշխատանքները եւ նշեց, որ այժմ որոշվում է տարածքի վարձակալության ու տրենաժորների ձեռքբերման հարցը։ Զարեհ Սինանյանը իր հերթին նշեց, որ հիշում է թելեթոն դրամահավաքը ու ինքը եւս ելույթ է ունեցել ու աջակցել դրամահավաքին։

Հյուրերի վերջին կանգառը Ծուղրութ գյուղն էր, որտեղ նրանց ներկայացվեց 10-րդ դարի եզակի պահպանված ավետարանը։

Փետրվարի 5-ին ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ տվյալ գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը դեսպանատան աշխատակիցների հետ միասին այցելեցին Ախալքալաք եւ Նինոծմինդա։

Ախալքալաքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց տեղի հայության հետ: «Ուզում ենք, որ դուք զգաք Հայաստանի Հանրապետության շունչը, զգաք, որ հայրենիքում ձեր մասին մտածում են, հիշում են և շահագրգռված են, որ դուք լինեք Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, օգտվեք բոլոր իրավունքներից, որը ժողովրդավարական Վրաստանը ընձեռում է իր քաղաքացիներին, և ձեր կապը Հայաստանի հետ ամուր պահեք»,-նշեց Գլխավոր հանձնակատարը: Զարեհ Սինանյանն ընդգծեց նաև, որ վրացի գործընկերների հետ հարաբերությունները գնալով սերտանում են, և այդ համագործակցությունը հիմնված է անկեղծության և ազնվության վրա: Այնուհետ հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերը վերաբերում էին կրթական, սոցիալ-տնտեսական, իրավական ոլորտներին: Հատկապես կարևորվեց սփյուռքահայ ուսանողների համար հայաստանյան համալսարաններում հայագիտական ուղղություններով անվճար տեղերի ավելացման հարցը:

Հանդիպման ընթացքում Ախալքալաքի հասարակական գործիչ Դավիթ Ռաստակյանը իր խոսքում կարծիք հայտնեց, որ Վրաստանը շարժվում է ունիտար պետություն կառուցելու ուղղությամբ, որտեղ դպրոցները, մանկապարտեզները եւ այլ հաստատությունները աշխատում են միայն վրացերեն լեզվով այն պարագայում, երբ այստեղ ապրում են կոմպակտ բնակեցված շատ էթնիկ խմբեր։ Նրա խոսքերով՝ նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները նշանակվում են վրաստանի անվտանգության մարմինների ցուցակով եւ հետաքրքրվեց, թե այս պայմաններում ինչպե՞ս են նրանք պատրաստվում աշխատել Վրաստանի իշխանությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպամնը հուզական ելույթ ունեցավ արցախյան ազատամարտիկ Վալերան, ով Զարեհ Սինանյանին փորձեց նկարագրել Ջավախքում վերջին ժամանակներում կատարվող դեպքերը։ Ախալքալաքի սակրեբուլոյի անդամ Սամվել Պետրոսյանն էլ Զարեհ Սինանյանի ուշադրությունը հրավիրեց մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, որոնք առկա են տարածաշրջանում։

Հանդիպումից բացի՝ Գլխավոր հանձնակատարն այցելեց նաև «Jnews» լրատվական կայքի խմբագրություն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նստավայր եւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Զարեհ Սինանյանի վերջին կանգառը Նինոծմինդան էր, որտեղ եւս հանդիպում տեղի ունեցավ հասարակության հետ եւ որտեղ նույնպես խոսվեց բազմաթիվ խնդիրենրի մասին, որոնք հուզում են Ջավախքում ապրող հայ քաղաքացուն։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն