Հայկական անկյուն՝ Կույերայում

Ամեն անգամ, երբ աշխարհի որևէ գողտրիկ անկյունում հայկական կազմակերպություն է հիմնվում, ակամայից մտաբերում ես աշխարհահռչակ հայի՝ Վիլյամ Սարոյանի, հայտնի խոսքերը՝ երկու հայի մասին. “Երբ երկուսը նրանցից ճանաչեն իրար ու՜ր էլ որ պատահի, կկառուցեն մի նոր Հայաստան”։

Ահա նման մի նոր Հայաստան է ստեղծվել Իսպանիայի Կույերա քաղաքում, որտեղ արդեն 20 տարի է, ինչ հայեր են բնակվում։
Մոտ 200_ի հասնող հայ ազգաբնակչությունը տարիներ ի վեր սերտ համագործակցում է Արարատ Հայկական Միության հետ։ Կույերայի հայ մանուկները, չնայած Վալենսիայից բավականին հեռավորությանը, ցայսօր էլ այցելում են հայկական կիրակնօրյա դպրոց։

Այսուհանդերձ, հասունացել էր այն պահն ու հրամայականը, որպեսզի այս հայաշատ անկյունում ևս հիմնադրվեր հայկական կազմակերպություն։ Հրաշալի մի նախաձեռնություն, որը հնարավոր դարձավ, Հերմինե Աբրահամյանի գլխավորությամբ, տեղի հայերի վճռականության շնորհիվ։ Դե իսկ կազմակերպությունը հենց այդպես էլ անվանվեց՝ “Հայկական անկյուն” (վալենսիաներեն՝ “Racó d’Armenia”, իսպաներեն՝ “Rincón de Armenia”), որն օրերս իր հյուրընկալ դռներն էր բացել տեղի (և ոչ միայն) հայերի առջև՝ հայտնելու համար այս հրաշալի նախաձեռնության մասին։
Կույերայի հայությունը վերջին տարիներին արդեն_իսկ իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Իսպանիայի հայ համայնքի և, հատկապես, Արարատ Հայկական միության, մշակութային կյանքին, ինչպես նաև՝ կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ և մասնակցել այլ նախաձեռնություններին, որոնցից հիշատակության են արժանի Շարլ Ազնավուրի հիշատակի օրը՝ տեղի եկեղեցում, Գոհար_Շող հասարակական կազմակերպության ներկայացրած “Իմաստունի խորհուրդը” և “Իմ տունը կամ անկախ ամեն ինչից” բեմականացումները, Կույերայի ազգերի և միությունների տոնավաճառը և այլն։
Վերջին միջոցառումը, հատկապես, ճանաչողական բնույթ էր կրում, որի ժամանակ, ի թիվս այլ ցուցահանդեսների, հանրությանն ի ցույց դրվեց նաև Հայաստանի Ազգային Ճարտարագիտական համալսարանի դասախոս Իրինա Վանյանի յուրատեսակ տիկնիկների հավաքածուն, որը խորհրդանշում է հայ_իսպանական բարեկամությունը։
Նշենք, որ Իրինա Վանյանի տիկնիկների հավաքածուն կշրջագայի ողջ Իսպանիայի տարածքում, կցուցադրվի այլ քաղաքներում։

Ահա այսպես հիմնադրվեց ևս մեկ սփյուռքյան կազմակերպություն, որը ստանձնել է, ի թիվս այլ մարտահրավերների, հայապահպանության և հայ ինքնության պահպանման դժվարին, սակայն անհրաժեշտ գործը։

Հաջողություն և անխափան երթ մաղթենք “Հայկական անկյունին” և սպասենք նրա կազմակերպած նորանոր հայանպաստ միջոցառումներին։