Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 00։00 դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այժմ ևս շարունակվում են ձնամաքրման աշխատանքներ։

Մասնագետների կարծիքով՝ հավանականությունը մեծ է, որ վաղը ավտոճանապարհը երթևեկելի կլինի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Դեսպանության դիվանագետներն այսօր եղել են ավտոճանապարհի Մեծ Լիլո կոչվող հատվածում, որտեղ կուտակված են բազմաթիվ բեռնատարներ և հանդիպել են հայ վարորդների հետ։

Դեսպանությունը վաղն առավոտ նրանց կապահովի սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով։