ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոնին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

Փետրվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոնի առթիվ Թբիլիսիում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբաիան, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հոգևոր դասի և վիրահայ համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ:

Ողջույնի իր խոսքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամենակարևոր դրվագներից մեկը հայկական բանակի ստեղծումն էր։

Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանն անդրադարձ է կատարել օրվա խորհրդին ու Հայոց զինուժի դերին ու նշանակությանը, ինչպես նաև խոսել է Հայոց բանակի կազմավորման գործընթացի ու դրա անցած ուղու մասին։

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին իր ելույթում ընդգծել է հայ և վրացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված փոխգործակցության կարևորությունը՝ շեշտելով ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանային անվտանգության։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր շնորհավորական խոսքում նշել է այն կարևոր դերակատարությունը, որն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը երկրի անվտանգության պահպանման և միջազգային համագործակցության շրջանակներում։