Ախալցխայի մանկապարտեզների հայկական բաժիններում ուսուցումը այլեւս հայերեն չէ

Պարզվում է Ախալցխայի շրջանի մանկապարտեզների հայկական բաժիններում ուսուցումը հայերեն չէ։ Այս մասին պարզ դարձավ փետրվարի 4-ին ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի այցի ժամանակ, որի ընթացքում Սազել գյուղի բնակիչներից մեկը բարձրաձայնեց խնդրի մասին։ Սազել գյուղի բնակչի խոսքերով իր երեխան մանկապարտեզում չի սովորում հայերեն, ինչի մասին վկայում են երեխային սովորելու նպատակով տրված բանաստեղծությունները միջոցառումներից առաջ։ «Իմ երեխային միջոցառման նախապատրաստվելու նպատակով տվել էին հինգ բանաստեղծություն ու հինգն էլ վրացերեն լեզվով»,-այդ ժամանակ Ախալցխայի քաղաքապետարանի շենքում ներկաներին տեղեկացրեց Սազել գյուղի բնակիչը։

Akhaltskha.Net-ին հաջողվեց պարզել, որ նման խնդիրը Սազել գյուղից բացի առկա է նաեւ հայկական Մեծ Պամաճ, ու Սուխլիզ գյուղերում, ինչպես նաեւ Ախալցխա քաղաքի մանկապարտեզների հայկական բաժիններում։

«Ես ունեմ երկու երեխա, որից ավագը մանկապարտեզը ավարտել է երեք տարի առաջ ու այն ժամանակ իմ երեխան մանկապարտեզում սովորում էր հայերեն ու վրացերեն բանաստեղծություններ եւ երգեր, իսկ հիմա իմ փոքրիկ տղան նույն խմբակում չի սովորում հայերեն ոչ մի բանաստեղծություն ու երգ»,-ասում է ծնողը ում երեխան հաճախում է Ախալցխա քաղաքի մանկապարտեզներից մեկի հայկական բաժինը։

Այս առիթով մենք փորձեցինք լուրի իսկությունը ստուգել տվյալ մանկապարտեզի աշխատակցից, ինչին ի պատասխան նա տեղեկացրեց մեզ, որ իրենք երեխաներին դասավանդում են այն ծրագրերով, որը հանձնարարում է իրենց վերադասը։

Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանի խոսքերով տվյալ փաստը վիրավորանք է մեր ժողովրդի ու հատկապես մայրերի նկատմամբ, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները վրացերենի հետ մեկտեղ սովորեն նաեւ մայրենի լեզուն։ Նրա խոսքերով մանկապարտեզների հայկական խմբակների ուսուցիչները հասկանալի պատճառներով խուսափում են կոնկրետ պատասխան տալ խնդիր վերաբերյալ, սակայն նման տեղեկությունները լայն տարածում են ստացել հանրության շրջանում ու այդ իսկ պատճառով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները պետք է պաշտոնական ձեւով արձագանքեն կատարվածի վերաբերյալ։

Մեր տեղեկությունների համաձայն նախկինում հայկական խմբակներում վրացերենի հետ մեկտեղ դասավանդվել է նաեւ հայերենը, սակայն վերջերս (մեկ երկու տարվան մասին է խոսքը) «վերեւներից» ներքին կարգով հրաման են ստացել չդասավանդել այլեւս հայերեն։

Հարկ է նշել, որ այս շրջանի մանկապարտեզները պատկանում են Ախալցխայի տեղական ինքնակառավարման մարմիններին եւ նման հրահանգ կարող էր իջեցվել Ախալցխայի քաղաքապետարանից, սակայն կոնկրետ, որ պաշտոնյան է տվել նման հրահանգ դա դեռ պարզելու կարիք ունի։

 

Էդուարդ Այվազյան