Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ մեկնեցին Հայաստան

Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման։

Դեսպանությունը նախ հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, այնուհետև երկու օր շարունակ իրականացրել է Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրման աշխատանքներ։ Իսկ արդեն այսօր Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիների (1 միկրոավտոբուս, 4 ավտոմեքենա) տեղափոխումը վրաց-հայկական սահման և նրանց անցումը ՀՀ տարածք։

Հայաստան նախապես մեկնելու ցանկություն էին հայտնել չորս տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը, այնուհետև հրաժարվել է մեկնել Հայաստան։

Դեսպանությունը կշարունակի տվյալներ հավաքել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներից, վերջիններիս, անհրաժեշտության դեպքում, հայրենիք տեղափոխելու համար։