ՀՀ 15 քաղաքացիները որոնք գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում հետ են վերադարձել Ռուսաստան

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ՀՀ 15 քաղաքացիներ, որոնք մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում հիմա հետ են վերադարձել։

Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։

Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։

Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։

Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում։

«Կրկին խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին»,- հաղորդվում է դեսպանատան կողմից տարածված հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվում է, որ սահմանը բացվելուն պես դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։