Վրաստանում բնակչությունը որևէ կասկած չունի, որ կառավարության թվերը իրական են, նման խոսակցություններն ավելի շատ դրսում են. էդուարդ Այվազյան

ArmDaily.am— Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսի շատ քիչ դեպքեր են գրանցում, որոնք հիմնականում լինում են կարանտինային գոտիներում։ Տարբեր օրերին դեպքերի քանակը 6-ից մինչև 18 դեպք է եղել, 18-ից ավելի դեպք չի եղել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն՝ ընդգծելով, որ մինչև հիմա էլ այդ աղբյուրները մնում են այն շրջանները, որտեղ արձանագրվել են ամենաշատ դեպքերը, ինչպես օրինակ՝ Բոլնիսիի շրջանը։

«Բնակչությունը Վրաստանում որևէ կասկած չունի, որ կառավարության թվերը իրական են, նման խոսակցություններն ավելի շատ դրսում են, քան բուն Վրաստանում։ Երկրի ներսում նման կարծիքներ գրեթե չկան։ Նախկինում ընդդիմությունը նշում էր, որ թեստավորումները Վրաստանում քիչ են արվում, սակայն ասեմ, որ թեստավորվում են միայն այն անձինք, ում նկատմամբ կա կասկած, որ նրանք կարող են վարակակիր լինել և վարակ ունենալ։ Այսինքն, այն մարդկանց են թեստավորում, ովքեր ջերմություն կամ այլ սիմպտոմներ ունեն, տեղափոխվում են հիվանդանոց։ Միաժամանակ, թեստավորվում են նաև այն գյուղի բնակիչները, որտեղ վարակի աղբյուր է ի հայտ գալիս»։

Այվազյանն ընդգծեց, որ Վրաստանում այս պահին վիրուսը վերահսկելի է դարձել և իշխանությունները հստակ գիտեն, թե որ շրջաններում և գյուղերում են վարակը տարածված, ըստ այդմ՝ կիրառում են խիստ սահմանափակումներ։

«Հենց սա է պատճառը, որ վիրուսը վերահսկվում է։ Այսինքն, հիմնականում չկան վիրուսի այնպիսի աղբյուրներ, որոնք իշխանություններին հայտնի չլինեն, դրա համար մասսայական թեստավորում չի անցկացվում, այլև թեստավորում են այն բնակավայրերում. որտեղ շատ դեպքեր են եղել»։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ Վրաստանում իշխանությունները մտադիր են նոր թեստավորման ձև փորձարկել, մեկը պետք է անեն Թելավիում, որը գտնվում է այն շրջաններից մեկում, որտեղ կորոնավիրուսային դեպքեր գրեթե չեն հայտնաբերվել։

«Մարդկանց պետք է թեստավորում անցկացնեն, որպեսզի պարզեն, թե արդյոք մարդիկ նախկինում հիվանդացել են կորոնավիրուսով, թե ոչ։ Երկրորդ թեստավորումը պետք է լինի Մառնեուլիի շրջանում, որտեղ շատ ակտիվ տարածվում էր կորոնավիրուսային հիվանդությունը և հիմնական կորոնավիրուսային դեպքերը հայտնաբերվել են հենց այդ ադրբեջանաբնակ շրջանում։ Պետք է այս երկու շրջաններում անցկացնեն հակամարմիններ ունենալու թեստեր և տեսնեն, թե բնակչության որ մասն է հիվանդացած եղել իրականում»,-ասաց Այվազյանն՝ ընդգծելով, որ պետությունը միշտ համալրում է թեստերի քանակը։

«Կարծում եմ, հիմնական տարբերությունն այն է, որ Վրաստանում թեստավորում են այն մարդկանց, ովքեր ունեն որևէ սիմպտոմատիկա։ Ուղղակի մարդկանց մասսայական թեստավորում չի անցկացվել։ Կառավարությունը համաճարակաբանների հետ տեսակետ ունի, որ կարիք չկա այս պահին մասսայական թեստավորում անելու»։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում մտահոգիչ է իրավիճակը, քանի որ վիրուսը սկսեց շատ արագ տարածվել։

«Պետք է ասել, որ Վրաստանում սահմանափակումները մտցվեցին շատ ավելի շուտ, քան Հայաստանում, սակայն այստեղ սահմանափակումները հանվում են շատ ավելի մեղմ, քան Հայաստանում։ Վրաստանում, օրինակ, մինչ օրս չեն գործում սրճարանները, ռեստորանները, չի գործում միջքաղաքային տրանսպորտը, մինչդեռ Հայաստանում թե սրճարաններն են արդեն գործում, թե տրանսպորտը։ Այստեղ նոր են մտածում այդ սահմանափակումները կամաց-կամաց վերացնելու մասին։ Կարծում եմ, Վրաստանի հաջողության գաղտնիքը նրանում է, որ Վրաստանի կառավարությունը շատ արագ մտցրեց սահմանափակումները և շատ արագ կողմնորոշվեց, թե ինչի հետ գործ ունի։ Երկրորդ գործոնը հասարակության մոտեցումն է։ Հայաստանում հասարակությունը շատ ավելի թերահավատորեն է մոտենում այս վիրուսին և մարդիկ այդքան էլ լուրջ չեն ընդունում վտանգը, իսկ Վրաստանում մարդիկ շատ ավելի զգույշ են և հասարակությունը փորձում է հետևել իշխանության և համաճարակաբանների հորդորիներին»։

Նա ընդգծեց, որ Հայասատանում ավելի ուշ մտցվեցին սահմանափակումները, չնայած պահ կար, որ Հայաստանում սահմանափակումներն ավելի խիստ էին, բայց արագ էլ սկսեցին հանել դրանք։

«Պետք է նաև հիշեցնեմ ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանի տնտեսությունն ավելի քիչ վնասներ է կրել, քան այլ երկրների տնտեսությունները, կարծում եմ, ՀՀ վարչապետը նաև Վրաստանին նկատի ուներ։ Չեմ կարող ասել, թե որ երկրների տնտեսություններ են ավելի շատ վնասներ կրել։ Կարծում եմ, որ այո, խիստ սահմանափակումները կարող էին ավելի մեծ վնաս հասցրած լինեն Վրաստանի տնտեսությանը։ Սակայն, օրինակ, Վրաստանում բիզնեսմենները բողոքի ցույցեր չեն կազմակերպում սահմանափակումների դեմ ինչպես Հայաստանում և ավելի գիտակցաբար են մոտենում խնդրի գոյությանը»։

Այվազյանի դիտարկմամբ՝ ինչ սահմանափակումներ էլ մտցնեն Հայաստանում, եթե հասարակությունը չսկսի ավելի լուրջ վերաբերվել համաճարակին՝ ոչինչ չի փոխվի։

«Երբ հանրությունը կհասկանա, որ վիրուսը գոյություն ունի և չդադարի հավատալ լուրերին, թե այս վիրուստը գոյություն չունի և ամենը հեքիաթ է՝ վիրուսը անարգել կտարածվի։ Պետք է հասկանալ, որ վտանգն իրական է և մարդիկ պետք է սովորեն ապրել համաճարակի պայմաններում՝ խնայելով իրենց առողջությունը»։