Հայաստանի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ ճգնաժամը լուծելու մասին նախագիծը

armtimes.com-ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական փոփոխությունների մասին» օրենքի նախագիծը՝ 89 կողմ ձայներով։

Խորհրդարանը 89 դեմ ձայնով մերժեց Սահմանադրական փոփոխության վերաբերյալ հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ եթե դիմեն ՍԴ՝ այս փոփոխության սահմանադրականության ստուգման հարցով, ՍԴ-ն օբյեկտիվորեն զրկված է որոշում կայացնելու հնարավորությունից։ Ըստ էության՝ այս փոփոխությունը տարածվում է ՍԴ 7 անդամների վրա, այսինքն՝ նրանք այս դեպքում սուբյեկտիվ կողմեր են եւ զրկված են օբյեկտիվ որոշում կայացնելու հնարավորությունից։

Իսկ թե ինչ է լինում նման դեպքում, Սահմանադրությամբ կարգավորված չէ, ուստի, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետք է շարժվել առաջ՝ նախադեպ ստեղծելով։

Նշենք, որ օրենքի այս նախագծով ՍԴ դատավոր ընտրվում է 12 տարի ժամկետով, եւ նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն 1 անգամ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է նաեւ դադարեցնել ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք արդեն իսկ ընդհանուր տեւողությամբ 12 տարուց ավելի են պաշտոնավարում։ ՍԴ այն դատավորները, որոնք ընդհանուր տեւողությամբ 12 տարուց պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչեւ 12 տարին լրանալը։

Այսպիսով, ինչպես ասաց նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, ՍԴ բոլոր անդամ դատավորների կարգավիճակը կհավասարեցվի։ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը եւս կդադարեցվի, իսկ ՍԴ նոր նախագահի ընտրությունը կանցկացվի այս փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո, որն էլ կպաշտոնավարի 6 տարի ժամկետով։

Նշենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն ի սկզբանե բոյոտել էին արտահերթ նիստն ու չէին մասնակցում դրան: Նիստին ներկա էին միայն «Իմ քայլի» 88 պատգամավորներն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ժաննա Ջեյրանյան