Ջավախքը սպասում է ներքին զբոսաշրջիկներին

Armradio.am- Շուրջ երեք ամիս տևած մեկուսացումից հետո Վրաստանի քաղաքացիներին թույլատրվում է հանգստանալ, սակայն այս պահին միայն երկրի ներսում։ Հյուրանոցները, հյուրատներն ու ռեստորանները բացվում են՝ ստուգումներ անցնելուց հետո։

Համավարակի համեմատաբար լավ վիճակում գտնվող Վրաստանն այսօր հանելով գրեթե բոլոր սահմանափակումները՝ կոչ է անում քաղաքացիներին բացահայտել Վրաստանը։

Համավարակի այս օրերին Վրաստանի բնակիչները հնարավորություն ունեն բացահայտել Վրաստանն իր բազմազանությամբ։ Տուրիզմի մասնագետներն ասում են, որ Վրաստանի քաղաքացիները լավ չեն ծանոթ իրենց երկրին, ինչպես օտարերկրյա զբոսաշրջիկները։

Ու քանի որ այսօր հնարավորություն չկա օգտվել շենգենյան գոտու երկրներ երեք տարի առաջ տրված ազատ մուտքի արտոնագրից, ստիպված վրաստանցիները հանգստանում են իրենց երկրում։

Սև ծովի աջարական ափերին այս օերին սկսում են հայտնվել առաջին հանգստացողները։ Ի դեպ, արդեն մեկ ամիս է՝ այստեղ նոր վիրուսակիրներ չեն հայտնվում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում  Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում է․

«Կարելի է ասել սեզոնն այստեղ ընդհանրապես սկսվում է հուլիսի մեկից, բայց այս տարի այն դժվար թե կայանա։ Միայն ներքին զբոսաշրջիկներ կգան․ դեռսևս պարզ չէ՝ արդյոք այս տարի  օտարերկրյա զբոսաշրջիկների համար ճանապարհը կբացվի, թե՝ ոչ։  Թերևս առաջին անգամ է Բաթումին այսքան դատարկ»։

Հովհաննիսյանն ասում է՝ Աջարիան, սակայն այլ գեղատեսիլ վայրեր ևս ունի, որոնք բացահայտել ու վայելել է պետք։

Վրաստանի գրեթե բոլոր շրջանները զբոսաշրջային հայտնի ուղղություններ են, նույնիսկ դժվարանցանելի ճանապարհներով Թուշեթին մշտապես օտարերկրյա զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։ Իմիջիայլոց Թուշեթին այն շրջանն է, որտեղ «ապրում է» «Չիտո-գվրիտոն»․ հայտնի «Միմինո» ֆիլմի մի հատված այստեղ է նկարահանվել։

Հայաբանակ Սամցխե-Ջավախեթին ևս Վրաստանի «կանաչ գոտում է»․ վիրուսի տարածում այս պահին այստեղ չկա, բացվում են հյուրանոցները, տեսարժան վայրերը։ Ջավախահայերը հույս ունեն, որ երկրի քաղաքացիները կնախընտրեն բացահայտել այս շրջանն իր տեսարժան վայրերի բազմազանությամբ՝ հայկական ու վրացական՝ կողք կողքի։

«Ծանոթանանք Ախլցխայի Ռաբաթի բերդին, որը վերջին տարիներին է վերանորոգվել, մշտապես աշխարհի տարբեր անկյուններից  զբոսաշրջիկներ է բերում Ախլցխա։ Ախալցխան հայտնի է նաև գեղեցիկ բնությամբ, հայտնի մարդկանցով։ Այստեղից են Շառլ Ազնավուրը, Լուսինե Զաքարյանը, կարդինալ Աղաջանյանը, որը Հռոմի պապ էր ընտրվել, այնուհետև հրաժարվել»,- «Ռադիոլուրին» ասում է Ախալցխայում գործող «Akhaltskha.net» կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը։

Ախալցխայի հարևանությամբ առողջարանային Աբասթումանին է, Բորժոմին, Բակուրիանին՝ մշտապես լեփ լեցուն։ Վրաստանի առողջարանային հանգստավայր Բակուրիանին դեռ խորհրդային տարիներից շարունակում է մնալ լեռնադահուկային սպորտի կենտրոն, իսկ տարվա մյուս եղանակներին այստեղ գալիս են փշատերև ծառերի, մաքուր օդի համար։

Բակուրիանին տարեկան մոտ 150 հազար զբոսաշրջիկ է ընդունում, դրանց մեծ մասը ներքին զբոսաշրջիկներ են։ Տեղի բնակիչները՝ վրացիներ, հայեր, օսեր մշտապես զբաղված են տուրիզմով, բոլորը հաջողակ գործարարներ են։ Տուրիզմի մասնագետ Աննա Մուրադիանն «Ռադիոլուրին» ասում է․

«Մարդիկ արդեն սկսել են այցելել Բակուրիանի, հյուրանոցները ևս պատրաստվում են ընունել։ Մենք երբեք Բակուրիանին այսքան դատարկ չէինք տեսել։ Համավարակը այստեղ ամեն ինչ կանգնեցրեց ձմռան ամենալավ շրջանում։ Կորոնավիրուսի որևէ դեպք Բակուրիանիում չի գրանցվել։ Մեր շրջանը հռչակված է կանաչ գոտի, այստեղ հանգստանալն անվտանգ է»։

Իսկ բուն Ջավախքում ըստ Էդուարդ Այվազյանի՝ «կարելի է ծանոթանալ Վարձայի համալիրին, որը դեռ հին ժամանակներից գրավել է իր հիասքանչ ժայռափոր կառուցվածքով։ Ջավախքում կարելի է այցելել Ջիվանու, Տերյանի տուն թանգարաններ, Ջավախքի լճեր՝ Փարվանա, Տաբածղուրի․․․ իսկ եթե  նաև Ծալկան ներառենք զբոսաշրջային մեր ծրագրում, ևս կհանդիպենք հրաշալի բնության ու ջրվեժների»։

Ծալկայում, ի դեպ այս օրերին էլ շարունակվում է երկրի ամենամասշտաբային նախագիծը՝ Դաշբաշ գյուղի մոտակայքում ապակե կամրջի կառուցումը, որը հույս ունի համավարակից հետո զբոսաշրջիկների թիվն ավելացնի մեկ միլիոնով։ Հայաբնակ Դաշբաշն իր հայտնի կիրճի շնորհիվ երկրի զբոսաշրջային նոր ուղղություններից է։

Գիտա Էլիբեկյան