Ջավախքի համար հավաքված գումարն ուղարկվում է Հայաստան

Armradio.am-Ջավախքում մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին։ Անցյալ տարի Գլենդելում հավաքված 13 400 դոլարը կազմակերպիչները Ջավախքից ստացած առաջարկի հիման վրա որոշեցին ուղարկել Հայաստան՝ COVID-19-ի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար։

Հայաստանյան հեղափոխությունից հետո Գլենդելում ստեղծված Սփյուռքի Միասնության Հարթակը, որ միավորում է մի խումբ կազմակերպություններ, անցյալ տարի առաջին դրամահավաքը կազմակերպեց՝ Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում մարզամշակութային համալիր բացելու նպատակով։

Մինչ այդ հարթակի անդամները եղել էին տեղում, ծանոթացել շրջանի բնակչության խնդիրներին՝ իրենց ծրագրերի մասին տեղյակ պահելով նաև վրացական իշխանություններին։ Կենտրոնի ստեղծումը, սակայն, ձգգվում էր, բացի այդ, հավաքված գումարը ևս բավարար չէր։

Այս օրերին, երբ Հայաստանը վարակի տարածման արագությամբ հայտնվել է աշխարհի վատթարագույն երկրների թվում, հավաքված գումարը Հայաստանին ուղարկելու առաջարկով հանդես եկավ« Սամցխե-Ջավախք մեդիա կենտրոնը», որը ակտիվորեն ներգրավված էր դրամահավաքի գործում։

«Հավաքված գումարով ցավոք մեն չկարողացանք ձեռք բերել տարածք, որոշել էինք տարածք վարձակալել, բայց երբ վրա հասավ համավարակը, մտցված սահմանափակումների արդյունքում դեռևս փակ են սպորտային կենտրոնները։ Զուգահեռ Հայաստանում իրավիճակը վատթարանում է, առողջապահական համակարգը լուրջ խնդիրների է բախվում, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց հավաքված գումարը ամբողջությամբ փոխանցել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված հաշվեհամարին»,- «Ռադիոլուրիմ» ասում է կենտրոնի ղեկավար Էդուարդ Այվազյանը։

Սփյուռքի Միասնության հարթակում միաձայն ընդունեցին որոշումը, որովհետև կառույցի ողջ գործունեությունն ընդհանուր առմամբ Հայաստանին աջակցելու վրա է հիմնված։ Այժմ հարթակը պատրաստվում է իր նվիրատուներին տեղյակ պահել, թե գումարն ինչ նպատակով է ծախսվում։ Հարթակի համակարգող խորհրդի և Ջավախքի հարցերով հանձնաժողովի անդամ Կարեն Գալստյանն ասում է՝ այդուհանդերձ Ախլցխայում մարզամշակութային կենտրոն բացելու գաղափարը կառույցի օրակարգում է մնում։

«Մենք ամեն դեպքում այդ գումարը հայթայթելու ձևերը կգտնենք։ Այսօր արդեն այստեղ Ջավախքի մասին ավելի շատ գիտեն․ երբ սկսեցինք դրամահավաքը, ԱՄՆ-ում շատերն առաջին անգամ էին լսում Ջավախքի մասին։ Դրամահավքը միգուցե այնքան մեծ ֆինանսական հնարավորություն չբերեց, սակայն մեծ ճանաչողական արձագանք ունեցավ, որը կօգնի մեզ հետագա ծրագրերում»։

Վրաստանից Հայաստանին այս պահին օգնելու ևս մեկ ակցիա ընթացքի մեջ է։ «Վիրահայոց թեմից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»․ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ սկսված շարժման շնորհիվ մինչև շաբաթվա վերջ վիրահայերը կհավաքեն ախտահանիչ նյութեր ու ջերչմափեր։

«Կիրակի պատարագի ընթացքում մեր երախտագիտությունը կհայտնեք բոլոր մասնակիցներին։ Հույս ունենք այս կերպ թեթևացնել Հայաստանի մեր քույրերի և եղբայրների  վիճակը»։

Օրեր առաջ էլ վիրահայերի նախաձեռնած «Մեկ դիմակ` մեկ կյանք» ակցիայի շնորհիվ Հայաստան էր հասել 58 թթվածնային սարք և 9000 դիմակ։

Վրացի մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչներ երկրի իշխանություններին ավելի վաղ կոչ էին արել օգնության ձեռք մեկնել Հայաստանին։ Պաշտոնական Թբիլիսին Երևանին շարունակում է առաջարկել բուժանձնակազմով օգնություն, PCR թեստերի նմուշառումների հետազոտում Թբիլիսիում, ինչպես նաև այսպես կոչված կորոնավիրուսի գենետիկ թեստերի անցկացում Վրաստանում։

Վրաստանի Հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն «Ռադիոլուրրի» հետ զրույցում մանրամասնում է, թե ինչ է ենթադրում վերջինը․

«Մենք կարող ենք նաև դա առաջարկել մեր գործընկերներին՝ հասկանալու համար, թե որ վիրուսն է շրջանառվում Հայաստանում։ Օրինակ մենք պարզել ենք, որ Վրաստանում կա կորոնավիրուսի իրանական շտամը և երկու տիպի՝ իտալական։ Դա ցույց է տալիս, թե որ երկրնից է վիրուսը եկել»։

Երկու երկրների միջև այս պահին Առողջապահության նախարարների մասնակցությամբ փորձի փոխանակման մշտական հարթակ է գործում: Նախարարները մի քանի անգամ տեսակապի միջոցով քննարկել են նաև համավարակը հաղթահարելու փոխօգնության հարցը, Հայաստանը, սակայն, դեռևս չի դիմել Վրաստանին, թե ինչ տիպի օգնություն է իրեն անհրաժեշտ։

Գիտա Էլիբեկյան