Ինչո՞ւ ադրբեջանական համայնքի որոշ ներկայացուցիչներ ձգտում են Վրաստանը ներքաշել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ

Հուլիսյան վերջին սրացումները հայ-ադրբեջանական սահմանին ավելի մեծ խառնաշփոթ առաջացրին ադրբեջանցիների մոտ քան դա տեղի էր ունեցել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Պատճառները իրականում շատ են, սակայն ադրբեջանի հիմնական խնդիրը դարձավ իրենց բանակի խայտառակ տապալումը Հայաստանի պետական սահմանին մղվող մարտերում, որի ժամանակ Ադրբեջանը տվեց ինչպես մարդկային մեծաթիվ կորուստներ այնպես էլ տեխնիկայի։ Ադրբեջանական զորքերը այդ մի քանի օրվա սահմանային պատերազմում կորցրին գեներալ, գնդապետ ու այլ բարձրաստիճան զինվորականներ էլ չասած «Յաշմա» էլիտար բրիգադի կորուստները ու դրա հետ մեկտեղ բազմաթիվ խոցված տանկերի ու այլ զինվորական տեխնիկայի մասին։ Սակայն կարծես Ադրբեջանին ամենամեծ ցավ պատճառեցին հայկական բանակի դիրքային բարելավումները, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի կորուստները։ Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ անօդաչու թռչող սարքերը մեծ գլխացավանք էին առաջացրել հայկական զինուժի համար։ Խոցված իսրայելական տասնյակ միլիոն դոլար արժեցող թվով 14 անօդաչու թռչող սարքերը խայտառակ ապտակ էին ինչպես Ադրբեջանի բանակին այնպես էլ Իսրայելի ռազմական արդյունաբերության համար, քանզի տվյալ զինատեսակներից շատերը մինչեւ հիմա համարվում էին անխոցելի եւ միլիարդների եկամուտ բերում Իսրայել պետությանը։

Այսպիսի ճչացող պարտությունից հետո իր ժողովրդին տասնյակ տարիներ ադրբեջանական բանակի հզորության մասին միֆերով սնած Իլհամ Ալիեւը ուրիշ ճար չուներ քան տարբեր երկրներում ապրող Ադրբեջանի գործակալների միջոցով ստեղծել հայ-ադրբեջանական ցանցային կոնֆլիկտ։ Նպատակը մեկն էր շեղել սեփական ժողովրդի ուշադրությունը հուլիսյան սահմանային պատերազմի խայտառակ պարտությունից եւ կոնֆլիկտը տեղափոխել արտասահման։ Հենց դա էր պատճառը, որ տարբեր երկրներում ադրբեջանցիների կողմից սկսվեցին թիրախավորվել ազգությամբ հայեր ու հայկական օբյեկտներ։ Հայկական դեսպանատները սադրանքները կանխելու նպատակով տարբեր երկրներում սկսեցին աշխատանք տանել տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։ Դեպքերի էպիկենտրոնը շատ արագ տեղափոխվեց Մոսկվա եւ այստեղ նույնպես հայկական կողմը փորձեց հարցը լուծել իրավապահ մարմինների միջոցով։ Չնայած դրան երբ արդյունքները գոհացուցիչ չէին հայկական համայնքը այլ ավելի կոշտ մեթոդներ կիրառեց ադրբեջանական համայնքի ագրեսիվ ամբոխը զսպելու համար։

Այս իրավիճակում բացառություն չկազմեց Վրաստանը, քանզի այստեղ ադրբեջանական համայնքը Բաքվի կողմից տարիներով պատրաստվում էր նման իրավիճակների համար։ Դրանից բացի Վրաստանը սահմանակից է թե Ադրբեջանին եւ թե Հայաստանին ու այս առումով Հայաստանը շրջափակելու համար լավագույն տարբերակը հենց Վրաստանին ներքաշելն է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Սադրանքի առաջին փորձը տեղի ունեցավ հուլիսի 16-ին, երբ մի խումբ ադրբեջանցիներ հավաքվեցին վրաց-ադրբեջանական սահմանին եւ հակահայկական պաստառներով ու կոչերով հանդես եկան, որոնցում մասնավորապես զուգահեռներ էին տանում Աբխազիայի եւ Ղարաբաղի հակամարտությունների միջեւ ու ասում, որ իբր պատրաստ են կռվել ինչպես Վրաստանի այնպես էլ Ադրբեջանի համար։

Սրան զուգահեռաբար հուլիսի 19-ին ադրբեջանական «Հեքքին ազ» լրատվամիջոցը մեղադրեց Վրաստանին նրանում, որ իբր Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ռազմական զինամթերք, ինչը նույնպես փորձ էր Վրաստանին ներքաշել կոնֆլիկտի մեջ։

 

Բաքվից ծրագրված այս սադրանքները, որոնք նպատակ ունեին Վրաստանը եւ վրացիներին ներքաշել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ, լարելով հայ-ադրբեջանական համայնքների հարաբերությունները, չստացվեց։ Չստացվեց քանզի Ախալքալաքում հուլիսի 21-ին տեղի ունեցավ պատասխան բազմահազարանոց հանրահավաքը հանուն խաղաղություն, որտեղ Ջավախքի հայերի հիմնական կոչը զերծ մնալն էր ադրբեջանական համայնքի որոշ ծայրահեղականների ծրագրված սադրանքներից։ Ախալքալաքում հավաքված հայերի ուղերձն էր չտեղափոխել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Վրաստան։

Չնայած դրան Մառնեուլիի շրջանի ադրբեջանական ծայրահեղական շրջանակներ հուլիսի 26-ին նոր ցույց կազմակերպեցին կրկին նույն սադրիչ կարգախոսներով ու վրացիներին կոնֆլիկտի մեջ ներքաշելու փորձերով, որոնք անկասկած պատերազմի կոչեր կարելի է համարել։ Տվյալ ցույցին հետեւեց Սադախլո գյուղում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդի վրա հարձակվելու փաստը։ Այսինքն Բաքվի կողմից գծված սցենարը նույն է ինչ տեղի ունեցավ Մոսկվայում։ Կարելի է ենթադրել, որ այն նույնիսկ ավելին է, քանզի Վրաստանում իրար հարեւանությամբ գտնվող երկու մեծ շրջաններ բնակեցված են հայերով ու ադրբեջանցիներով եւ նման սադրանքները չափազանց վտանգավոր ու պայթյունավտանգ  հետեւանք կարող են ունենալ տարածաշրջանի համար։ Ահա թե ինչու Վրաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունը, հատուկ ծառայությունները եւ իրավապահ համակարգը չափազանց ուշադիր պետք է լինեն նման սադրանքների նկատմամբ։

Հաշվի առնելով Վրաստանի հայ համայնքի կողմից այս փաստի առիթով առնվազն սոցիալական ցանցերում տեղ գտած բուռն քննարկումները ու մտահոգությունները կարելի է փաստել, որ այժմ գնդակը Վրաստանի իրավապահ համակարգի ձեռքերում է ու Վրաստանում ապրող հայերը կսպասեն երկրի իշխանությունների խիստ արձագանքին ու գործնական քայլերին, որպեսզի իրավիճակը չընթանա ռուսաստանյան սցենարով, հակառակ դեպքում սադրիչները կհասնեն իրենց նպատակին եւ դրանից կտուժեն առանց բացառության բոլոր կողմերը, ինչպես դա եղավ օրինակի համար նույն Ռուսաստանում։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան